ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու թեման կարևոր է հակամարտության կարգավորման հետագա բանակցությունների համար։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու գաղափարը ղեկավարության լեգիտիմացման տեսանկյունից կարևոր է։ Զելենսկու լիազորությունները դե յուրե ավարտվել են», - նշել է Պեսկովը։
Նա նաև մատնանշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, որ Ուկրաինայում պետք է լեգիտիմ իշխանություն լինի հակամարտության կարգավորման ընթացքում պայմանավորվածությունների իրավական ամրագրման համար:
Հիշեցնենք` Զելենսկու լիազորությունների ժամկետն ավարտվեց նախորդ տարվա մայիսի 20-ին։ 2024 թվականին Ուկրաինայում նախագահական ընտրությունները չեղարկվեցին՝ հիմք ընդունելով ռազմական դրությունը և համընդհանուր զորակոչը։ Զելենսկին հայտարարեց` հիմա ընտրությունների ժամանակը չէ։
Ավելի ուշ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի միակ լեգիտիմ իշխանությունը խորհրդարանն է ու Ռադայի խոսնակը։ Նրա խոսքով` եթե Ուկրաինայում ցանկանան լեգիտիմ նախագահ ընտրել, ապա պիտի չեղարկեն ռազմական դրության մասին օրենքը. դրա գործողությունը չի նշանակում անցած ընտրությունների արդյունքների երկարաձգում, քանի որ Սահմանադրության մեջ ոչինչ չկա այդ մասին։