ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար և «Արբատ» կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանությունը մարդկության դեմ ուղղված արարք է։ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն այսպես է որակել Սարգսյանի մահվան հանգամանքը։
«Նրա մահը մեծ կորուստ է հայ համայնքի, հայ ժողովրդի և Սարգսյանների ընտանիքի համար։ Նա բարեպաշտ հավատացյալ էր, ընտանեկան ավանդական քրիստոնեական արժեքների պահապան։ Նրա մահը սարսափելի ողբերգություն է։ Սա անընդունելի և աններելի արարք է՝ ուղղված մարդկության դեմ»,– ասել է Եզրաս արքեպիսկոպոսը։
Սրբազանն ընդգծել է, որ Արմեն Սարգսյանը մեծ ներդրում է ունեցել ռուս–հայկական հարաբերությունների ամրապնդման գործում, ինչպես նաև աջակցել է Դոնբաս ուղարկվող մարդասիրական օգնությանը։
Հիշեցնենք` Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Ալ առագաստներ» բնակելի համալիրի 29-հարկանի շենքում պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ 1 մարդ մահացել է, 4-ը` տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել, նրանց թվում է ԴԺՀ-ում կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը: Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնեցին, որ նա մահացել է հիվանդանոցում։
Քրեական գործ է հարուցվել վտանգավոր եղանակով սպանության, երկու և ավելի անձանց սպանության փորձի և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով:
46-ամյա Արմեն Սարգսյանը հայտնի է նաև որպես Արմեն Գորլովսկի, Գորլովկայում (ԴԺՀ) զբաղվել է մարտիկների պատրաստմամբ:
Ավելի վաղ Ուկրաինայում Սարգսյանին մեղադրանքներ էին ներկայացվել Ուկրաինայի զինված ուժերի դեմ մարտական գործողություններ վարող ապօրինի զինված կազմավորումներին մասնակցելու համար: Նա հետախուզման մեջ է Ուկրաինայում, նախկինում Ուկրաինայի քաղաքացիություն է ունեցել։