Օսվենցիմում ռուսական ցուցադրության փակումը պատմության վերաշարադրման մի մասն էր. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ Զելենսկին անխոնջ հոգատարություն է ցուցաբերում նացիստների հանցակիցներին՝ Բանդերային, Շուխևիչին և այլոց փառաբանելու հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Աուշվից-Բիրկենաու (Օսվենցիմ) նախկին համակենտրոնացման ճամբարի թանգարանում ցուցադրության չափազանց կարևոր ռուսական մասի փակումը պատմության վերաշարադրման արևմտյան ընդհանուր քաղաքականության մի մասն էր, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Sputnik» ռադիոյի եթերում նա նշել է, որ Արևմուտքում պատմության վերաշարադրումն իրականացվում է նոր տեխնոլոգիական մակարդակով. գրքերը ոչ թե այրում են, այլ վերաշարադրում, թանգարաններն էլ ֆիզիկապես չեն ոչնչացվում: Որպես օրինակ նա նշել է նախկին համակենտրոնացման ճամբարի թանգարանի ռուսական ցուցադրության փակումը, որը գործում էր ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։
«Ընդհանրապես, առանց ռուսական մասի այդ ցուցադրությունը չի կարող ամբողջական և լիարժեք լինել։ Չի կարող նման բան լինել։ Ազատարարը խորհրդային Կարմիր բանակն էր։ Մարդիկ, ովքեր այնտեղ էին, նույնպես կապ ունեին մեր երկրի հետ։ Ինչպե՞ս կարող է դա լինել: Ինչպե՞ս է հնարավոր, որ մեր երկրի պատրաստած և այնտեղ գոյություն ունեցող, տեղեկատվություն ներկայացնող ցուցադրությունը, որը որևէ մեկի մոտ որևէ պաշտոնական հանրային բողոք, պահանջ ու բողոք չի առաջացրել՝ փակվել է: Ահա' այսպես։ Քանի որ նրանք սկսել են ակտիվ փուլն այն բանի, ինչի մասին, հավանաբար, երազել են այդքան գաղտնի», - «Sputnik» ռադիոյի եթերում ասել է Զախարովան։
Թանգարանում ռուսական ցուցադրությունը փակ է 2022 թվականի մայիսից՝ Լեհաստանի տարածքում գտնվող թանգարանի վարչակազմի որոշմամբ։
Մեկնաբանելով Լեհաստանում Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի ազատագրման 80-ամյակին նվիրված արարողությանը Վլադիմիր Զելենսկու մասնակցությունը, Զախարովան ասել է, որ դա ցինիզմի դրսևորում էր, որը տեսնելը զզվելի էր։
Նա հիշեցրել է, որ Զելենսկին անխոնջ հոգատարություն է ցուցաբերում Ստեպան Բանդերայի, Ռոման Շուխևիչի և նացիստների այլ հանցակիցների հիշատակը փառաբանելու և հավերժացնելու համար, իսկ Ուկրաինայի զինված ուժերի շարքերում կան ազգայնական գումարտակների ներկայացուցիչներ, որոնց խորհրդանիշերը նույնն են, ինչ էսէսականներինը, իսկ հիմա Զելենսկին հոտնկայս և ցուցադրաբար կարեկցում է Հոլոքոստի զոհերին։
Զախարովան նաև նշել է, որ Զելենսկու հայտնվելը Օսվենցիմում վրդովմունք է առաջացրել Լեհաստանի հրեական կրոնական շրջանակներում:
Մահվան հոսքագիծ. 80 տարի առաջ խորհրդային զորքերը ազատագրեցին Օսվենցիմի ճամբարը
Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը նշվում է հունվարի 27-ին: 1945 թվականի այդ օրը Կարմիր բանակն ազատագրեց Աուշվիցի (Օսվենցիմ) մահվան ճամբարը։ Աուշվից-Բիրկենաուն նացիստական ամենամեծ մահվան ճամբարն էր և դարձավ Հոլոքոստի գլխավոր խորհրդանիշներից մեկը: Մոտ 1,4 միլիոն մարդ, որոնցից մոտ 1,1 միլիոնը՝ հրեաներ, 1941-1945 թվականներին զոհվել են Աուշվիցում։ Ընդհանուր առմամբ զոհվել է 6 միլիոն հրեա։ 1947 թվականին նախկին նացիստական համակենտրոնացման ճամբարի տեղում ստեղծվել է թանգարան, 1979 թվականին այն ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Այս տարի թանգարանը Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչներին չի հրավիրել խորհրդային զորքերի կողմից ճամբարի ազատագրման 80-ամյակի միջոցառումներին։ Մոսկվայում այդ որոշումը սրբապղծությու և Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը կեղծելու հակառուսական արշավի մաս են անվանել։