ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ–ում հայտարարագրերի լրացման ժամկետը կերկարացվի մինչև նոյեմբերի 1–ը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ID-ի հետ կապված հերթը մինչև հունիս ամիսն է։ Մենք հետևյալ որոշումն ենք կայացրել` այս տարվա համար հայտարարագրման ժամկետը բոլորի համար կսահմանենք նոյեմբերի 1-ը։ Բոլորս էլ մի տնից չենք, մի հալի ենք, վերջին պահին հենց իմացանք նույնականացման քարտ է պետք, բոլորով նույն ժամին գնում ենք նույն գործողությունն անելու։ Հեսա անձնագրայիններում հերթերը կհասնեն հունիս, հուլիս, սեպտեմբեր»,– նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով` եթե անձինք պատշաճ կերպով դիմած լինեն, որպեսզի նույնականացման քարտ ստանան, բայց հերթը մինչև նոյեմբերի 1-ը դեռ հասած չլինի, ապա նրանց համար այդ ժամկետները կկասեցվեն։ Շեշտեց` 2026 թվականի հունվարի 1-ին ID քարտ չստանալու դեպքում էլ տվյալ անձի համար սոցիալական կրեդիտ ստանալու հնարավորությունը կպահեն։
«Հենց քաղաքացին հունվարին ID քարտը հանի, հետո էլ 2024 և 2025 թթ. հայտարարագրերը լրացնի ու այդ ընթացքում սոցիալական ծախս էլ արած լինի, ապա երկու տարվա 100 000 դրամի սոցիալական կրեդիտները կստանա։ Հերթերի մեղավորը քաղաքացիները չեն, այլ կառավարությունը, այսինքն` սահմանված ժամկետում նույնականացման քարտ չստանալու պատճառներն օբյեկտիվ են»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեին մինչև մայիսի 1–ը։