ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի -Sputnik. Հայաստանի կառավարությունը հաստատակամ է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգն իրականացնելու հարցում։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:
«Հայաստանը ներկայացրել է շատ կոնկրետ առաջարկներ և լուծումներ, ու սպասում է Ադրբեջանի կառուցողական արձագանքին»,– ասաց նա։
Վարչապետի խոսքով ՝ Երևանը շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:
Նա նաև տեղեկացրեց, որ այսօրվա բանակցություններում Իրակլի Կոբախիձեին ներկայացրել է Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ վերջին զարգացումները և ձեռք բերված պայմանավորվածությունները, նշեց, որ կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ջանքերն այդ ուղղությամբ։
Հիշեցնենք` 2024 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի պետական հանձնաժողովները պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից (Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր հատվածներում):
Մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը 1976 թվականի քարտեզների հիման վրա սահմանազատում իրականացնելու մասին արձանագրություն-նկարագրություն ստորագրեցին:
Դրանից հետո փաստացի 4 գյուղ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Կիրանցում ադրբեջանական կողմին փոխանցվեց 30 անձի պատկանող 54 անշարժ գույք, որոնք բոլորը Կադաստրի կոմիտեի վկայականներ ունեին:
Հայաստանի սահմանապահ զորքերը մայիսի 24–ին պաշտոնապես ստանձնեցին Տավուշի մարզի սահմանային հատվածների՝ Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը:
2024 թվականին կողմերը Տավուշում 12 կմ հատվածի սահմանազատում իրականացրին։
2025 թվականի հունվարի 16-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման նոր հատվածի շուրջ, և համալիր աշխատանքներ կսկսվեն հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ` հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։