ԵՏՀ խորհուրդը ՀՀ–ին կարտոֆիլի սերմացուի ներմուծման սակագնային արտոնություն է տրամադրել

Կարտոֆիլով լի պարկեր. արխիվային լուսանկար
ԵՏՀ խորհուրդը կարծում է, որ հաստատված միջոցառումները կապահովեն կայուն բերքատվությունը, կբարձրացնեն կարտոֆիլի ներքին շուկայի ինքնաբավության մակարդակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը սակագնային արտոնություններ է տրամադրել Հայաստան և Ղրղզստան կարտոֆիլի սերմացուի ներմուծման համար։ Այս մասին հայտնում է խորհրդի մամուլի ծառայությունը։
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշել է սակագնային արտոնություններ սահմանել 2025 թվականին Հայաստանի Հանրապետության տարածք մինչև 3,5 հազար տոննա, ինչպես նաև Ղրղզստանի Հանրապետության տարածք՝ մինչև 1,79 հազար տոննա կարտոֆիլի սերմացուի ներմուծումը մաքսատուրքից ազատելու տեսքով», – ասվում է հաղորդագրության մեջ։
Սակագնային արտոնությունները կտրամադրվեն գործադիր իշխանության լիազորված մարմնի տրամադրած հաստատման առկայության պարագայում։ Համապատասխան ապրանքները թույլատրվում է օգտագործել միայն տվյալ երկրի տարածքում։ Որոշումներն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օր հետո։
«Հաստատված մաքսային և սակագնային կարգավորման միջոցառումները կապահովեն կայուն բերքատվությունը, կբարձրացնեն կարտոֆիլի ներքին շուկայի ինքնաբավության մակարդակը»,- ​​նշել է ԵՏՀ մաքսային և սակագների և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։
Շինարարության աճը ԵԱՏՄ–ում 2024-ի հունվար–նոյեմբերին. ԵՏՀ-ի և ՀՀ–ի վիճակագրությունը
ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։