ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. ՀՀ ԱԱԾ–ն չի զբաղվում 1990-ականների պատերազմի ժամանակ անհետ կորածներով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ–ի ներկայացուցիչ, 1992 թվականին անհետ կորած Շահեն Առաքելյանի մայրը` Ռիմա Առաքելյանը:
Նշենք, որ անհետ կորածների ծնողները քիչ առաջ փակ հանդիպման էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամների, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ բոլոր խմբակցություններից պատգամավորների, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հետ:
«Ես հարցրեցի, թե արդյոք դուք զբաղվո՞ւմ եք 1990-ականների անհայտ կորածներով և ի՞նչ տեղեկություններ ունեք, ԱԱԾ տնօրեն Աբազյանն ասաց՝ ես չեմ խաբի ձեզ, մենք չենք զբաղվում»,– լրագրողներին հայտնեց տիկին Առաքելյանը։
Նա հայտարարեց, որ իշխանություններից այս հարցով ոչ մի սպասելիք չունի:
Հիշեցնենք` Հայաստանի գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովն առաջարկել էր ադրբեջանական կողմին ակտիվացնել համագործակցությունը։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում էր, որ Երևանը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ՝ անհայտ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու հարցում։
Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովն ի պատասխան հայտարարեց, որ անհրաժեշտ է համարում 90-ականների արցախյան պատերազմի դաշտային հայ հրամանատարներին և լիազորված այլ անձանց ներգրավել այդ թվականներին կորած ադրբեջանցիների թաղման վայրերի որոնման գործին։