ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձի հնարավոր նախապատրաստումը միջուկային պատերազմի տանող ուղիղ ճանապարհ է որակել։
«Երեկ ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը պատմել է, որ Բայդենի վարչակազմը «փորձել է սպանել Պուտինին»: Դա առաջարկել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Բլինկենը: Մահափորձի նախապատրաստումը, նույնիսկ դրա քննարկումը հանցագործություն է: Լրջագույն սպառնալիք համաշխարհային անվտանգությանը: Ուղիղ ճանապարհ՝ միջուկային պատերազմ սկսելու համար»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Վոլոդինի խոսքով` դա պետք է հետաքննության հիմք դառնա միջազգային բոլոր կառույցների համար։ Նա նաև գրել է, որ Բայդենն ու Բլինկենը պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Ավելի վաղ Կառլսոնը հայտարարել էր, որ Բայդենի վարչակազմը «փորձել է սպանել» Պուտինին։ Միևնույն ժամանակ, Կառլսոնը մանրամասներ կամ որևէ ապացույց չի ներկայացրել իր պնդումների վերաբերյալ՝ երբ և որտեղ կարող էր նման բան տեղի ունենալ, ինչպես նաև հնարավոր մահափորձի նախապատրաստման այլ հանգամանքներ։ Լրագրողն ընդգծել էր, որ այդ փորձերը «խելագարություն» է համարում։