Փաշինյանն ասում է՝ ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է փոխվի

Նիկոլ Փաշինյանը բանակի օրվա միջոցառմանը
Վարչապետի համար ընդունելի է հայրենասիրության այն մոդելը, որը բանակի առջև կոնկրետ խնդիր է դնում ՝ պահպանել և պաշտպանել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների անվտանգությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է առաջիկայում երկրի ազգային անվտանգության ռազմավարության փոփոխության մասին։ Վարչապետի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ այդ մասին նա ասել է այսօր պաշտպանության նախարարությունում Բանակի օրվա առիթով միջոցառման ժամանակ։

«Այսօր մեր բանակի 33-րդ տարեդարձն է, մենք ազգային անվտանգության ռազմավարության մեջ, որը, իհարկե, առաջիկայում կփոխվի և կվերափոխվի, բայց մեր որոշմամբ բանակը ներառել ենք մեր պետական, մեր ազգային արժեքների առաջին տողերում: Այո՛, բանակը պետական արժեք է, ինձ համար առաջինը Հայաստանի Հանրապետությունն է, պետականությունը, անկախությունը և այդ պետականության ողնաշարը՝ բանակը, զինված ուժերը, իսկ բանակը և զինված ուժերը մարդիկ են առաջին հերթին: Եվ մարդիկ պետք է իրենց զգան գնահատված, մարդիկ պետք է իրենց զգան հարգված և մարդիկ պետք է իրենց զգան արժանապատիվ»,- ասել է Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ իր համար ընդունելի է հայրենասիրության այն մոդելը, որը բանակի առջև կոնկրետ խնդիր է դնում ՝ պահպանել և պաշտպանել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների անվտանգությունը:
Բանակի բարեփոխումների համար շատ կարևոր է Արարատ–Արագած դիսկուրսը. Փաշինյան
Ըստ նրա՝ այս մոդելի վրա պետք է կառուցենք մեր նորացված, պաշտպանունակ բանակը, և սա է այն հենքը, որի վրա պետք է իրագործել բանակի կերպափոխման այն հայեցակարգը, որն արդեն Անվտանգության խորհրդի հավանությանն է արժանացել:
«Դուք պետք է իմանաք, որ մենք հպարտանում ենք ձեզնով, հույս ենք դնում ձեզ վրա, և համոզված եմ, որ իրար հետ Հայաստանի Հանրապետությունն իր 29743 քառակուսի կիլոմետր տարածքով կդարձնենք անվտանգ, զարգացած, երջանիկ, պաշտպանված պետություն»,- օրվա առիթով շնորհավորելով զինծառայողներին՝ ասել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ազգային անվտանգության նոր ռազմավարությունն ընդունվել է 2020 թվականին։ Դրանում նշվում է, որ մենք Հայաստանի Երրորդ Հանրապետության հպարտ քաղաքացիներն ենք, Հայաստանի Երրորդ Հանրապետությունը հիմնադրած և Արցախն ազատագրած հայ ժողովրդի զավակները: Հայաստանի Հանրապետությունը Արցախի հայության անվտանգության և ազատության երաշխավորն է: Հայաստանի Հանրապետությունը համահայկական պետություն է և ներկայացնում է աշխարհի բոլոր հայերին:
Հայ ժողովուրդը պատմական բազմաթիվ արհավիրքներ հաղթահարելու և 21–րդ դար հասնելու ուժ և կարողություն է ձեռք բերել այն հմտությունների, գիտելիքի և հատկանիշների շնորհիվ, որոնք զարգացրել է պետականություն ունենալու շրջանում: Այս պատմական գիտակցության վրա հենվելով է, որ հայ ժողովուրդը Մեծ եղեռնից անմիջապես հետո կարողացավ վերստեղծել իր անկախ պետությունը:
Փաշինյանն արժեզրկում է բանակն ու պատմությունը․ Օհանյանը՝ ազգ–բանակից հրաժարվելու մասին
Ազգային նպատակների շարքում շեշտադրված են Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ առանց որևէ սահմանափակման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և վերացումը:
«Հայաստանի անվտանգային միջավայր» բաժնում նշվում է, որ Հայաստանի հանդեպ Թուրքիան վարում է ոչ բարիդրացիական քաղաքականություն՝ շարունակելով Հայաստանի շրջափակումը, հրաժարվելով հաստատել դիվանագիտական հարաբերություններ առանց նախապայմանների, ժխտելով, իսկ առանձին դեպքերում նաև արդարացնելով Հայոց ցեղասպանությունը և այլն։