ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը Հայոց բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել` նշելով, որ այսօր պետության առջև ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների պայմաններում հրամայական է հայկական բանակի առավել հզորացումը։
«Մեր նորանկախ պետականության և մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության սրբազան գործում անգնահատելի է Հայոց բանակի դերն ու վաստակը։ Այսօր մեր պետության առջև ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների պայմաններում հրամայական է մեր բանակի առավել հզորացումը, որպեսզի մեր զորականները բարձր մարտունակությամբ և իրենց անսասան ոգով շարունակեն հայրենյաց պաշտպանության նվիրական առաքելությունը»,– նշել է կաթողիկոսը։
Նրա խոսքով` զինվորականների ծառայության և սխրանքների ամուր հիմքը միշտ եղել և մնալու է հայրենիքի հանդեպ սերն ու նախանձախնդրությունը, ազգային արժեքների նկատմամբ հավատարմությունը։
Նշենք, որ այս տարի` հունվարի 28–ին, նշվում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձը:
1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում: