Օսվենցիմը հրեշավոր, զանգվածային հոսքագծային սպանությունների վայր էր։ Այստեղ մարդկանց ոչնչացում էին այնքան ժամանակ, քանի դեռ ճամբարը չգրավեցին խորհրդային բանակի ստորաբաժանումները։ Ո'չ գերիները, ո'չ զինվորները չէին հավատում իրենց աչքերին. առաջինները՝ որովհետև կորցրել էին հույսը, իսկ երկրորդները, որովհետև ոչ մի տեղ չէին տեսել նման վայրագություններ։
1944-ի վերջին, Կարմիր բանակի ծավալված հարձակման պայմաններում, նացիստական ղեկավարությունը, փորձելով թաքցնել հանցագործությունների հետքերը, հրաման տվեց ապամոնտաժել գազախցիկները, դիակիզարանները և ամբողջությամբ ոչնչացնել Օսվենցիմը: 1945 թվականի հունվարի 17-ին սկսվեց ճամբարի շուրջ 60 հազար աշխատունակ բանտարկյալների ոտքով տարհանումը Գերմանիա (Օսվենցիմում մնացին ավելի քան 7,5 հազար բանտարկյալներ, որոնք չէին կարող դիմանալ երթին և ենթակա էին ոչնչացման): Սակայն նացիստները չհասցրեցին ոչնչացնել ճամբարը և մնացած բանտարկյալներին։
Օսվենցիմը Կարմիր բանակն ազատագրել է 1945 թվականի հունվարի 12-ից փետրվարի 3-ը Լեհաստանի ազատագրումն ավարտելու նպատակով անցկացված Վիսլո-Օդեր հարձակողական գործողության ընթացքում։ Հունվարի 27-ին 60-րդ բանակի ստորաբաժանումները առաջացան 4-10 կմ՝ ազատագրելով 30 բնակավայր, այդ թվում՝ Օսվենցիմը և «Օսվենցիմ I» համակենտրոնացման ճամբարը: Նույն օրը Օսվենցիմի մեկ այլ «մասնաճյուղ»՝ Յավոժնոն, ազատագրվեց 1-ին Ուկրաինական ճակատի 59-րդ բանակի մարտիկների կողմից: Հաջորդ օրը 60-րդ բանակի 107-րդ հրաձգային դիվիզիայի ստորաբաժանումներն ազատագրեցին Բիրկենաուն՝ Օսվենցիմի երրորդ համակենտրոնացման ճամբարը։