Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն այսօր Գազայի հատվածում ազատ է արձակել Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) 4 կին զինծառայողի: Տեղեկությունը հաստատել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։
«Իսրայելի կառավարությունը ջերմորեն ողջունում է Իսրայելի պաշտպանության բանակի չորս զինծառայողների վերադարձը։ Նրանց ընտանիքները համապատասխան ծառայությունների կողմից տեղեկացվել են, որ զինծառայողները կրկին միացել են մեր ուժերին», - ասված է հաղորդագրության մեջ:
Հայտնի է, որ ազատ արձակված պատանդները 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավում գտնվող բազաներից մեկից առևանգված կանայք են՝ Լիրի Ալբագ (19), Կարինա Արիև (20), Դանիելա Գիլբոա (20), Նաամա Լևի (20):
Հիշեցնենք` ՀԱՄԱՍ շարժումը Գազայում կրակի դադարեցման վերաբերյալ Իսրայելի հետ գործարքի իրականացման շրջանակում անցյալ կիրակի ազատ էր արձակել առաջին երեք պատանդներին: Դրա դիմաց Իսրայելը բանտերից ազատ է արձակել 90 պաղեստինցի բանտարկյալի։
Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ 42 օրով հրադադար հաստատելու պայմանավորվածություն են ձեռք բերել և հայտարարել, որ ձգտում են ռազմական գործողությունների վերջնական ավարտի։ 15 ամսվա ընթացքում պատերազմական գործողությունները խլել են ավելի քան 46 հազար պաղեստինցիների և մոտ 1500 իսրայելցիների կյանք, տարածվել դեպի Լիբանան և Եմեն, Իսրայելի և Իրանի միջև հրթիռային հարվածների փոխանակում հրահրել:
Սա հակամարտության ընթացքում արդեն երկրորդ հրադադարն է. առաջինը կնքվեց 2023 թվականի նոյեմբերին և տևեց ընդամենը 6 օր։