Երբևէ մտքներովդ անցե՞լ է սահել Սևանի վրա։ Այո՛, հենց Սևանա լճի վրա․․․ Արդեն մի քանի տարի է՝ ձմռան ամիսներին Դանիել Հարությունովն իր թիմի հետ առաջարկում է էքստրեմալ, վայրի սահք փորձարկել Հայաստանի տարբեր հատվածներում՝ Ապարանի ջրամբարից մինչև Սևանա լճի սառցակալած ծովախորշեր։
Վայրի սահքի սիրահարները լուսանկարվում են Սևանում
© Sputnik / Aram Nersesyan
Դանիելի ծնողները զինվորականներ են։ Տարիներ առաջ հայաստանյան ծառայության ժամանակ հայուհի մայրն ու ռուս հայրը հանդիպել են, սիրահարվել, ընտանիք կազմել ու մնացել Հայաստանում։ Դանիելը տուրիզմի և կառավարման մասնագետ է, տարիներ շարունակ շուկայում հետաքրքիր ու էքստրեմալ տուրիստական-առաջարկներով է ներկայանում, ինչպես, օրինակ, ռոուփջամփինգ՝ պարանով թռիչք, և այլն։
Վերջին մի քանի տարիներին էլ ձմեռային յուրատեսակ տուր է մշակել՝ վայրի սահք բնական սառցադաշտում։
Դանիել Հարությունովը հնդիկ զբոսաշրջիկին օգնում է սահել
© Sputnik / Aram Nersesyan
Ինչպե՞ս գաղափարը ծնվեց: Պատահական։ Մի անգամ Ջրվեժի արգելոցում սառցակալած լճակը տեսավ ու որոշեց փորձել։
Դանիել Հարությունովը
© Sputnik / Aram Nersesyan
Ասում է՝ տուրիստական այս ուղղությունը բավականին լավ զարգացած է Նորվեգիայում, Հայաստանն էլ հնարավորություններ ունի այն զարգացնելու համար։
«Հայաստանում մոտ 15 լոկացիաներ կան, որոնք ամեն տարի սառչում են, ուղղակի պետք է բաց չթողնել ճիշտ ժամանակը, ուսումնասիրել տեղը։ Մենք փաստացի ամբողջ շաբաթ շրջում ենք Հայաստանով, բացահայտում այդ տեղերը։ Օրինակ, այստեղ՝ Սևանում, հիմա ունենք 2 հեկտար սառույց, դա մի քանի անգամ ավելի է օլիմպիական սահադաշտից, այնպես որ, սա պետք է վայելել»,- ասում է Դանիելը։
Հնարավոր ռիսկերի մասին էլ են մտածել. գիտեն`ինչ անել, եթե հանկարծ, օրինակ, սառույցը կոտրվի։ Նաև ամեն տուրից առաջ ստուգում են սառույցի հաստությունը։ Մեր նկարահանումների ժամանակ այն 30-35 սմ էր։
Սահք սառած Սևանի վրա
© Sputnik / Aram Nersesyan
Բնական պայմաններում սահքի սիրահարներն ու փորձել ցանկացողները, Դանիելի խոսքով, գնալով ավելանում են։ Շատերը մեկ անգամ փորձելուց հետո անպայման վերադառնում են։ 60-ամյա տիկին Սուսաննան նրանցից մեկն է։ Ասում է՝ իրականում այստեղ ավելի դժվար է սահելը, քան սահադաշտում, բայց տպավորություններն ու ստացած հաճույքն էլ համեմատելի չեն։ Մեկ շաբաթ առաջ դստեր հետ եկել են, սահել, հիմա կրկին Սևանում են։
Սուսաննան ու դուստրը սահում են սառած Սևանի վրա
© Sputnik / Aram Nersesyan
«Առաջին անգամ մի քիչ վախենալու էր, երբ սահեցի, ու ոտքերիս տակ սառույցը կարծես ճաքեր, ջուրն ու մամուռները սառույցի տակից թափանցում էին․․․ Հետո հասկացա, որ սառույցը բավականին հաստ է, ամեն ինչ կարգին է։ Այստեղ շատ ուրիշ զգացողություններ են, սահադաշտում տարածքը սահմանափակ է, իսկ այստեղ ազատություն ու գեղեցկություն է»,- ասում է նա։
Սուսաննան
© Sputnik / Aram Nersesyan
Այս յուրահատուկ ակտիվ ժամանցի գիդերը խորհուրդ են տալիս մինչև բնական պայմաններում չմուշկների վրա կանգնելը գոնե մեկ անգամ սահադաշտում սահելու փորձ ունենալ։
Դանիել Արությունովը (աջից) և հնդիկ զբոսաշրջիկը, որն իր կյանքում առաջին անգամ չմուշկ է հագել ու փորձում է սահել Սևանա լճի սառած ծովախորշերից մեկում
© Sputnik / Aram Nersesyan
Փորձը ցանկալի է, բայց պարտադիր պայման չէ։ Լինում են նաև մարդիկ, որոնք կյանքում առաջին անգամ չմուշկների վրա կանգնում ու սահում են սառցակալած ջրի վրա։