Թեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների` վերջին օրերին Ադրբեջանի բժշկական համալսարանում սովորող 10 իրանցի ուսանողներ են արտաքսվել երկրից «անպարկեշտ վարքի պատճառով»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Թեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին, հայտնում է IRNA պետական լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ այսօր Իրանի արտգործնախարարություն է կանչվել Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն, որին բողոքի նոտա է ներկայացվել Ադրբեջանի «որոշ շրջանակների կողմից իրանցի ուսանողների նկատմամբ անպարկեշտ գործողությունների» կապակցությամբ։
Լրատվամիջոցի փոխանցմամբ, ադրբեջանցի դեսպանի հետ հանդիպմանը Իրանի արտգործնախարարության Եվրասիական հարցերով բաժնի ղեկավար Մուջթաբ Դեմիրչիլուն նման քայլերը վնասարար է որակել և պահանջել պատասխանատվության ենթարկել «նման բացասական գործողությունների կազմակերպիչներին և կատարողներին»։
Իրանցի պաշտոնյան նաև ընդգծել է կրոնական գործիչների հասցեին ցանկացած վիրավորանքի դեմ վճռական պայքարելու անհրաժեշտությունը։
Ադրբեջանի դեսպանը ափսոսանք է հայտնել որոշ բացասական հայտարարությունների և գործողությունների կապակցությամբ, խոստացել իրավիճակը ներկայացնել իր երկրի իշխանություններին։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների` վերջին օրերին Ադրբեջանի բժշկական համալսարանում սովորող 10 իրանցի ուսանողներ են արտաքսվել երկրից «անպարկեշտ վարքի պատճառով»։
Այլ մանրամասներ հայտնի չեն։