ԿԳՄՍՆ-ն Հայաստանում փակել է Էրազմուս+ գրասենյակը

Արխիվային լուսանկար
Հիմնավորումներից մեկի համաձայն՝ նախագծերը չեն հանգեցրել որևէ նկատելի ազդեցության Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշմամբ հունվարի 1-ին Հայաստանում դադարեցվել է Էրազմուս+ ազգային գրասենյակի գործունեությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել գրասենյակի թիմը։
Նախարարությունը գրասենյակի փակման որոշման մի քանի հիմնավորում է ներկայացրել։
Մասնավորապես, Էրազմուս+ նախագծերը հիմնականում նպաստել են միայն եվրոպական համալսարաններ իրականացվող գործուղումներին ու կրել առավելապես զբոսաշրջության բնույթ, նախագծերը չեն հանգեցրել որևէ նկատելի ազդեցության Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի վրա, նախագծերի թեմատիկան հիմնականում չի արտացոլում Հայաստանի բարձրագույն կրթության զարգացման առաջնահերթությունները։
Նշվում է, որ Էրազմուս+ ծրագրին վերաբերող բոլոր խորհրդատվությունների համար այսուհետև պետք է անմիջականորեն դիմել նախարարություն: