ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում կարող է հիմնվել շվեյցարական Լոզանի հյուրընկալության դպրոցի մասնաճյուղը։ Այս նախաձեռնության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանն ընդգծել է, որ այս ծրագիրը մեծ նշանակություն ունի զբոսաշրջության զարգացման, Հայաստանի միջազգային մրցունակության բարձրացման և ոլորտի գրավչության ավելացման տեսանկյունից։
«Ծրագրի իրագործումը կնպաստի հյուրընկալության կառավարման ոլորտում կրթության որակի բարձրացմանը՝ ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան մասնագետների պատրաստում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Գաբրաշի կողմից Հայաստանում իրականացվող տնտեսական ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր։
Վարչապետը բարձր է գնահատել նմանատիպ ծրագրերի դերը երկրի զարգացման գործում և վերահաստատել է կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու դրանց արդյունավետ իրականացմանը։
Նշենք, որ Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցը զբոսաշրջության և սպասարկման ոլորտում աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն է համարվում։ Այն բարձրակարգ կրթություն է տրամադրում նրանց, ովքեր ցանկանում են աշխատել կառավարման, զբոսաշրջության, սպասարկման, ռեստորանային և հյուրանոցային ծառայության ոլորտներում, ինչպես նաեւ հյուրընկալության հետ կապված այլ ճյուղերում (արարողակարգ, խորհրդատվություն, բանկեր, անշարժ գույք և այլն)։