ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Երևանի ավագանու արտահերթ նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով: Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները բոյկոտել են ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության հրավիրած նիստը: Քաղաքապետարանում պետք է քննարկեին փետրվարի 1-ից հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումը չեղարկելու հարցը։
Մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստից կարելի է ասել րոպեներ առաջ հայտարարեց, որ չի մասնակցի քննարկմանը, քանի որ նման նախաձեռնությունները որևէ առնչություն չունեն քաղաքացիների սոցիալական կյանքի հետ և ծառայում են բացառապես ընդդիմության քաղաքական օրակարգին:
Միևնույն ժամանակ, «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը խմբակցությունների՝ նիստին չգալու որոշումը կապել է հունվարի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառման հետ: Մասնավորապես, Փաշինյանը դրանում գովել է QR կոդերի կիրառմամբ հասարակական տրանսպորտի ուղեվարձի վճարման նոր համակարգը։ Ստեփանյանը, սակայն, կոչ արեց քաղաքացիներին բոյկոտել նոր համակարգը և փետրվարի 1-ից շարունակել վճարել 100 դրամ ուղեվարձը:
Նշենք, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ակցիաներ է սկսել տրանսպորտի թանկացման դեմ, ստորագրահավաք է կազմակերպել (վերջին տվյալներով՝ 76 հազար ստորագրություն է հավաքվել), ինչպես նաև քաղաքացիներին առաջարկում է բոյկոտել թանկացումն ու փետրվարի 1–ից վճարել միայն մետաղադրամով` 100 դրամից ոչ ավելի։