ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա դատապարտյալ, որը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Դատապարտյալը` 20-ամյա Դավիթ Վարդանյանը, հիվանդանոց է տեղափոխվել հունվարի 17-ին ծայրահեղ ծանր «խառը տիպի շոկ, սուր բազմաօրգանային անբավարարություն» ախտորոշմամբ։ Հունվարի 20-ին Վարդանյանը, գիտակցության չգալով, մահացել է»,– գրում է կայքը։
Հիվանդանոց են ժամանել ՀՀ քննչական կոմիտեի քննիչները։
Դեպքի փաստով «սպանության» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին «Արմավիր» ՔԿՀ–ում հայտնաբերվել էր սավանով կախվելու միջոցով ինքնասպան եղած դատապարտյալ Սամվել Հախվերդյանի դին։ Նա կախվելուց առաջ էլ կտրել էր իր 8 մատը։ Դրանից բացի, «Արմավիր» ՔԿՀ–ում այս տարի ևս երկու դեպք է տեղի ունեցել. հունվարի 6-ին կալանավորված անձ Ս. Մ.-ն ժամը 18։20-ի սահմաններում ածելիով կտրել է լեզուն, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի դատապարտյալ Հ. Պ.-ն էլ ածելիի միջոցով ինքնավնասում է կատարել ձախ նախաբազկի շրջանում:
Այս տարի դի է հայտնաբերվել նաև «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում։ Կալանավորված 28–ամյա Ա․Հ․-ի մարմինը հայտնաբերվել է կախված վիճակում։