ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնը ստանձնած Դոնալդ Թրամփը մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել՝ ուրվագծելով իր քաղաքականության հիմնական ուղղությունները: Կապիտոլիումի ռոտոնդայում իր առաջին ելույթում նա հայտարարել է Պանամայի ջրանցքի նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը վերականգնելու որոշման մասին:
«Ամերիկյան նավերը մեծ գերավճար են տալիս և ազնվորեն չեն սպասարկվում որևէ ձևով։ Ներառյալ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը։ Չինաստանը ղեկավարում է Պանամայի ջրանցքը, իսկ մենք այն Չինաստանին չենք տվել։ Մենք այն տվել ենք Պանամային, և այն հետ ենք վերցնում»,-հայտարարել է Թրամփը։
Նախագահը նաև հայտնել է գենդերային հարցերում ԱՄՆ պաշտոնական քաղաքականության փոփոխության մասին: Նա ընդգծել է, որ այսուհետ կառավարությունը ճանաչում է միայն երկու սեռ՝ արական և իգական:
«Այսօրվանից Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական քաղաքականությունն այն է, որ գոյություն ունի միայն երկու սեռ՝ արական և իգական»,-ընդգծել է նա:
Իր երդմնակալության խոսքում Թրամփը նաև խոստացել է դառնալ «խաղաղարար և միավորող», և վստահություն է հայտնել, որ ամերիկյան հզորությունը կդառնա «պատերազմները դադարեցնելու» և գլոբալ միասնության նոր ոգի ստեղծելու գործիք:
«Մեր հզորությունը կկանգնեցնի բոլոր պատերազմները և միասնության նոր ոգի կբերի այս աշխարհ, որը չար էր, դաժան և միանգամայն անկանխատեսելի»,-ընդգծել է նա:
Մյուս կարևոր հայտարարությունը վերաբերում է խոսքի ազատությանը։ Դոնալդ Թրամփը, մասնավորապես, հայտարարել է ցանկացած «կառավարական գրաքննություն» դադարեցնելու մտադրության մասին:
Բացի այդ, իր նախագահության առաջին օրը Թրամփը հայտարարել է Կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին:
Հիշեցնենք, որ այս միջազգային համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականին՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարելու նպատակով։ ԱՄՆ-ն արդեն լքել էր այն 2019 թվականի նոյեմբերին՝ Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում, սակայն կրկին միացել էր 2021 թվականին՝ նախագահ Ջո Բայդենի օրոք։ Հիմա Ամերիկան կրկին դուրս է գալիս համաձայնագրից, ինչը, հավանաբար, քննարկումների նոր ալիք կառաջացնի միջազգային ասպարեզում: