Ազատ արձակված իսրայելցի կին պատանդները «նվերներ» են ստացել ՀԱՄԱՍ-ից

Երեք պատանդներն ազատ են արձակվել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված գործարքի շրջանակներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Ազատ արձակված իսրայելցի պատանդները «նվերներ և հուշանվերներ» են ստացել ՀԱՄԱՍ-ից։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իսրայելական ԶԼՄ-ները:
«Գազայում վերջերս ազատ արձակված կին պատանդներից երկուսին՝ Էմիլի Դամարիին և Ռոմի Գոնենին, որոնք միասին էին պահվում, ՀԱՄԱՍ-ը ստիպել է մասնակցել բեմադրված արարողության, որի ժամանակ նրանք իրենց գերության մեջ պահողներից «նվերներ և հուշանվերներ» են ստացել», - ասված է հաղորդագրության մեջ:
Բոլոր երեք պատանդները ՀԱՄԱՍ-ից ստացել են նվերներով փաթեթներ, որոնց թվում են Գազայի հատվածի քարտեզը, իրենց լուսանկարները՝ արված գերության մեջ, ինչպես նաև «ազատման վկայականներ»:
«Ալ-Քասամ» բրիգադները (ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը) ավելի վաղ հայտարարել էին, որ որոշել են հունվարի 19-ին Իսրայելի հետ գործարքի շրջանակում ազատ արձակել երեք կին պատանդների:
Ավելի ուշ իսրայելական բանակը հայտնել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները պատանդներին փոխանցել են իսրայելցի զինվորականներին, որից հետո աղջիկները հասել են Իսրայելի տարածք: Նրանց ավելի ուշ տարել են նախնական ընդունելության կետ, որտեղ հանդիպել են հարազատներին, այնուհետև տեղափոխել «Շիբա» հիվանդանոց:
Իսրայելը պատանդների դիմաց ազատ է արձակել առաջին 90 պաղեստինցի բանտարկյալներին. ԶԼՄ
Գազայի հատվածում հակամարտության կողմերը՝ Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը, Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ պայմանավորվել են հունվարի 19-ից 42 օրով հրադադարի մասին և հայտարարել, որ ձգտում են վերջնական ավարտին հասցնել ռազմական գործողությունները, որոնք 15 ամսվա ընթացքում խլել են 46 հազար պաղեստինցիների և մոտ 1500 իսրայելցիների կյանք: Սա հակամարտության ընթացքում երկրորդ հրադադարն է. առաջինը կնքվել է 2023 թվականի նոյեմբերին և տևել է ընդամենը 6 օր: