Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հաստատել է Գազայի վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը

Համաձայնագրի հաստատման հարցով կառավարության նիստը կկայանա այսօր՝ ավելի ուշ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հավանություն է տվել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ Գազայի հատվածում կրակի դադարեցման և պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագրին: Այս մասին հայտնում է վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը։
«Դիտարկելով բոլոր՝ քաղաքական, անվտանգության և հումանիտար ասպեկտները և ելնելով այն ըմբռնումից, որ առաջարկվող գործարքը նպաստում է պատերազմի նպատակների իրագործմանը, նախարարների ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովը կառավարությանը խորհուրդ է տվել հաստատել առաջարկված պլանը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ համաձայնագրի հաստատման հարցով կառավարության նիստն անցկացվելու է այսօր՝ ավելի ուշ:
Հայաստանը ողջունել է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը
Գազայի հատվածում հակամարտության կողմերը՝ Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը, Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ պայմանավորվել են հունվարի 19-ից 42 օրով հրադադարի մասին՝ հայտարարելով ռազմական գործողությունների վերջնական ավարտի ձգտման մասին: Ակնկալվում է, որ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին: