«Արմավիր» ՔԿՀ-ում դի է հայտնաբերվել. դատապարտյալներից մեկը սավանով կախվել է մահճակալից

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ ազատազրկված անձի մարմինը եղել է խցում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է դատապարտյալներից մեկի մարմինը: Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեց Քրեակատարողական ծառայության ղեկավարի մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը:
Նշենք, որ դին հայտնաբերվել է հունվարի 17-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում:
««Արմավիր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը խցում հայտնաբերել է դատապարտյալ, 1982 թ. ծնված Ս. Հ.-ի դին՝ սավանով մահճակալից կախված վիճակում»,- ասաց Նավիկյանը:
Նշենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով` մահացած դատապարտյալը Սամվել Հախվերդյանն է, նա կախվելուց առաջ կտրել էր իր 8 մատը։ Պարբերականը գրում է, որ դատապարտյալը մշտապես բանտի աշխատակիցներին զգուշացրել է իր կյանքին վերջ տալու մասին և պահանջել ազատ արձակել իրեն։
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին էլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում էր դի հայտնաբերվել։ Կալանավորված 28–ամյա Ա․Հ․-ի մարմինը հայտնաբերվել էր կախված վիճակում։
Ինչ վերաբերում է «Արմավիր» ՔԿՀ–ին, ապա այնտեղ այս տարի արդեն ևս երկու դեպք է տեղի ունեցել. հունվարի 6-ին կալանավորված անձ Ս. Մ.-ն ժամը 18։20-ի սահմաններում ածելիով կտրել է լեզուն։ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի դատապարտյալ Հ. Պ.-ն էլ ածելիի միջոցով ինքնավնասում է կատարել ձախ նախաբազկի շրջանում: