ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ՀՀ մայրաքաղաքում ամանորյա օրերին «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի 286 աղբատար մեքենա մաքրման աշխատանքներ է իրականացրել։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։
Յուրաքանչյուր տեխնիկայում 3 աշխատակից է լինում` 1 վարորդ և 2 բանվոր։ Մայրաքաղաքում աղբահանության աշխատանքները դեկտեմբերի 31-ին` թե՛ գիշերային, թե՛ ցերեկային հերթափոխերի ընթացքում, իրականացվել են ընդհանուր 51 տեխնիկայով։ Հունվարի 1–3–ը մայրաքաղաքում 47–48 աղբահանությունն իրականացնող տեխնիկաներն են աշխատել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՈԱԿ–ի տնօրեն Սաշա Կատվալյանը նշեց, որ նախորդ Ամանորին մեկ հերթափոխով են աշխատանքներն իրականացվել, բայց վարորդներն ու բանվորները ավելի երկար են աշխատել։
«Առօրյայում 40 կամ 41 տեխնիկա է աղբահանություն իրականացնում ու համեմատաբար թեթև բեռնվածությամբ։ Տոնական օրերին խստացված ռեժիմով են աշխատել, ինչի դիմաց լրացուցիչ վճարվել են։ Ժամային առումով էլ մի փոքր երկար են աշխատել, այսինքն, եթե մեկ մեքենան 2 անգամ է գնում աղբավայր, տոնական օրերին 3 անգամ է գնացել»,–ասաց նա։
Խնդրահարույց հասցեներում` առևտրի կենտրոնների, տոնավաճառների, խոշոր սուպերմարկետների, միրգ–բանջարեղենի խանութների մոտակայքում, աղբահանության աշխատանքներ իրականացվել են նաև սահմանված գրաֆիկից դուրս։
«Տվյալ օրերին առևտրի կենտրոնները մեծ քանակությամբ աղբ են գեներացնում` տուփեր, մեծ արկղեր, տոպրակներ և այլն։ Բանջարեղենի խանութների, սուպերմարկետների մոտ էլ նմանատիպ խնդիրներ ենք ունեցել։ Դեպքեր են եղել, երբ այդ տարածքների բնակիչներն ու խանութների սեփականատերերը ստվարաթղթե արկղերն առանց ծալելու էին նետել աղբամանների մեջ, ինչի հետևանքով դրանց մեջ այլ աղբի տեղ չի եղել»,– նշեց ՀՈԱԿ–ի տնօրենը։
Նա շեշտեց, որ 2024 թվականի դեկտեմբերի 29-31-ն ավելի շատ աղբ է գեներացվել, քան տարվա մյուս օրերին։
Հարցին, արդյոք ԵԱՍՄ համայնքային հիմնարկում վարորդների թափուր հաստիքներն արդեն համալրվել են, Կատվալյանը շեշտեց` ներկայում խնդիրը լուծված է, չնայած դեռ որոշ «բայց»–եր կան։ ՀՈԱԿ–ում որոշ դեպքերում սեզոնով է պայմանավորված վարորդների աշխատանքը, քանի որ կան այնպիսինները, որոնք գյուղատնտեսությամբ են զբաղվում ու ապրիլ–սեպտեմբեր ամիսներին խնդրում են և գնում իրենց հողը մշակելու։
Կազմակերպությունում հիմնականում խնդիր է լինում ամռանը, բայց խոստացավ` այս տարի չի լինի, քանի որ կանխարգելիչ քայլեր են ձեռնարկվել. հավաստիացրեց` այս պահին և՛ հաստիքները համալրվել են, և՛ ռեզերվային վարորդներ էլ ունեն։
Նշենք, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ–ում այժմ աշխատում է մոտ 120 աղբատար մեքենայի վարորդ, ինչպես նաև շուրջ 240 բանվոր. 1 օրում մոտ 85 վարորդ է աշխատում ու յուրաքանչյուրի հետ` 2 բանվոր։