ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Ասիական զարգացման բանկից կներգրավվի 236 մլն եվրո ծավալով վարկով` «Հյուսիս–Հարավ» ավտոմոբիլային մայրուղու կառուցման համար: Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Համաձայնագիրն այնուհետև պետք է անցնի համապատասխան ընթացակարգեր, նախ` Սահմանադրական դատարան, ապա Ազգային ժողով։
Բանկի տրամադրած վարկով կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհի մի մասը` 60 կմ ընդհանուր երկարության ճանապարհի 27,1 կմ–ոց հատվածը: Այս հատվածում նախատեսվում է կառուցել 16 կամուրջ և 3 թունել։
Արդյունքում իրանական սահմանից Երևան մեկնելու ժամանակը կկրճատվի 1.5 ժամով։ Ճանապարհը նախատեսվում է կահավորել էԷլեկտրամոբիլների լիցքավորման կայաններով։ Ընդհանուր առմամբ, շինարարությունը բաժանված է երեք լոտի ՝ հյուսիսային, հարավային, ինչպես նաև Բարգուշատի թունելը (8,9 կմ), որն ամենաերկարն է լինելու անկախ ՀՀ պատմության մեջ:
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար ևս երկու վարկային համաձայնագիր էր ստորագրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի հետ: Այսպիսով, Սիսիան-Քաջարան ճանապարհի համար 708 մլն եվրոյի չափով ֆինանսավորումն ամբողջությամբ ներգրավվել է։