ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Ուկրաինայի հետախուզությունը փորձել է կաշառել ՌԴ զինվորականներին՝ խոստանալով նրանց 1 միլիոն դոլար ԴԺՀ-ի Գորլովկայում դիրքերը լքելու համար: Սակայն այդ ծրագրերը խափանել է ռուսական հակահետախուզությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։
Գործակալության տվյալներով՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը 100 հազար դոլար կանխավճար է փոխանցել, մինչդեռ ՌԴ հետախուզության աշխատակիցները հետևել են «բանակցողների» երթուղուն և պարզել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների կենտրոնացման վայրը, որին հզոր հարված է հասցվել։ Իսկ հետախուզության գլխավոր վարչությունից ստացած գումարն այժմ կուղղվի ռուս զինվորների համար անհրաժեշտ տեխնիկա ձեռք բերելուն։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։