ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին թողարկել է պարտատոմսեր 20 մլն դոլար և 7.7 մլրդ դրամ ընդհանուր ծավալով։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» հրավիրում է դառնալ գործընկեր՝ առաջարկելով մինչև հունվարի 24-ը ձեռք բերել իր կողմից թողարկված դոլարային և դրամային պարտատոմսեր։ Դրամային մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100,000 ՀՀ դրամ է, իսկ դոլարայինի դեպքում՝ 100 ԱՄՆ դոլար՝ համապատասխանաբար 10.75 % և 7.45 % արժեկտրոնային եկամտաբերությամբ»,– ասված է ընկերության հայտարարության մեջ:
Նշվում է, որ պարտատոմսերի շրջանառության ժամկետը 6 տարի է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը` 3 ամիս։
Ընկերությունից վստահեցնում են, որ «Մուդիս» միջազգային հեղինակավոր վարկանիշային կազմակերպության կողմից ՀԷՑ-ին տրվել է Ba2 վարկանիշ` կայուն հեռանկարով, որը մեկ նիշով բարձր է ՀՀ սուվերեն վարկանիշից:
ՀԷՑ–ից հիշեցնում են` պարտատոմսերը եկամտային հարկով հարկման ենթակա չեն։
«Պարտատոմսերը հնարավոր է իրացնել նաև երկրորդային շուկայում` ներդրողներին ընձեռելով Հայաստանի ֆոնդային բորսայում պարտատոմսերի առուվաճառքի իրականացման հնարավորություն»,– տեղեկացնում են ընկերությունից:
Յուրաքանչյուր ներդրող ՀԷՑ-ի պարտատոմսերը կարող է գնել ամբողջովին օնլայն ու ավտոմատացված եղանակով՝ օգտվելով «Ամերիաբանկի» MyAmeria հավելվածի MyInvest հարթակից։ Բացի այդ, կարող է այցելել «Ամերիաբանկի» որևէ մասնաճյուղ և լրացնել հայտ-հանձնարարականը կամ ուղարկել լրացված հայտ-հանձնարարականի ձևն «Ամերիաբանկի» էլեկտրոնային հասցեին՝ capitalmarkets@ameriabank.am։
Պարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավված միջոցներն օգտագործվելու են ներդրումային և այլ ծրագրերի ֆինանսավորման նպատակով։