Գազայի հատվածում հրադադար հաստատելու համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին

Հրադադարի առաջին փուլը կտևի 42 օր, այդ ընթացքում ազատ կարձակվեն 33 իսրայելցի պատանդներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին։ Այս մասին հայտարարել է Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակն ավելի վաղ հայտնել էր, որ Գազայի հատվածի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագրում մի քանի չլուծված հարցեր կան, որոնք հնարավոր է` կարգավորվեն առաջիկա ժամերին:
Կատարի վարչապետը տեղեկացրել է, որ Կատարի, ԱՄՆ-ի և Եգիպտոսի միջնորդներին հաջողվել է համաձայնության հասել։
Հրադադարի առաջին փուլը կտևի 42 օր, այդ ընթացքում ազատ կարձակվեն 33 իսրայելցի պատանդներ: Երկրորդ փուլի շուրջ կսկսեն բանակցել առաջին փուլի 16-րդ օրը։ Այդ բանակցությունների ընթացքում կքննարկվեն մյուս բոլոր պատանդներին ազատ արձակելու, մշտական հրադադար հաստատելու և Գազայից իսրայելական զորքը դուրս բերելու հարցերը։
Երրորդ փուլի շրջանակում կվերադարձվեն զոհվածների բոլոր մարմինները։ Այս փուլում սպասվում է, որ կսկսվի Գազայի հատվածի վերականգնումը Եգիպտոսի, Կատարի և ՄԱԿ-ի հսկողության ներքո:
ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ Գազայում հրադադար հաստատելու համաձայնություն է ձեռք բերվել` այն անվանելով Իսրայելի հետ հակամարտության շրջադարձային պահ։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելն էլ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողություն սկսեց։ Ըստ վերջին տվյալների` հակամարտության սկզբից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից մահացած անձանց թիվը հասել է 45 000–ի, տուժել է ավելի քան 108 հազար մարդ: