Դատավոր Անի Հարությունյանից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1 մլրդ դրամ

Ֆեմիդայի արձանիկ
Ըստ մամուլի տեղեկությունների` դատավորի հայրը՝ Սերժ Սարգսյանի մտերիմ, ՀՀ ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գրիշա (Գրիգոր) Հարությունյանն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի մի շարք անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց և խոշոր` ավելի քան 1 մլրդ դրամ գումար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Պահանջ է ներկայացվել դատարանին բռնագանձել.
13 անշարժ գույք՝ Երևանում, 1 անշարժ գույք Կոտայքում, 3 անշարժ գույք՝ Վրաստանում.
1 անշարժ գույքի ձեռքբերման արժեքը.
2 տրանսպորտային միջոց.
1 իրավաբանական անձում մասնակցությունը.
2 չմարված ավանդների գումարները.
Տրամադրված փոխառության պահանջի իրավունքը.
86 մլն 930 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
954 մլն 519 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ 3–րդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների` դատավոր Անի Հարությունյանի հայրը ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ, ՀՀ ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գրիշա (Գրիգոր) Հարությունյանն է: ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանն էլ Գրիշա Հարությունյանի քրոջ որդին է։