Բաքվի հայերը թողել են միլիարդների ունեցվածք՝ զրկված փոխհատուցման հնարավորությունից․ ԱԳՆ

Ջարդերին զուգահեռ ադրբեջանական քաղաքներում միտումնավոր ջնջվեցին հայերի հազարամյա հետքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Բաքվի հայերը թողել են միլիարդների արժողությամբ ունեցվածք և հարստություն՝ զրկված լինելով դրա դիմաց որևէ փոխհատուցում ստանալու հնարավորությունից, նշված է ՀՀ ԱԳՆ-ն՝ Բաքվում հայերի ջարդերի, էթնիկ զտումների և զանգվածային տեղահանությունների 35-րդ տարելիցը հիշատակող հայտարարության մեջ։
Հիշեցնում են՝ հայերի ճնշող մեծամասնությունը ստիպված էր լքել սեփական բնակավայրերն այն պարագայում, երբ հայ համայնքը 19-րդ դարի կեսերից էական դեր էր ունեցել Բաքվի արդյունաբերական քաղաքի կառուցման և զարգացման գործում։
«1990թ. հունվարին Բաքվում հայ բնակչության կոտորածին, որը հստակ նպատակ ուներ բռնի տեղահանության ենթարկել երբեմնի 250 հազարանոց հայկական համայնքի մնացորդներին, նախորդել էին Ադրբեջանի Սումգայիթ և Կիրովաբադ (ներկայիս Գյանջա) քաղաքներում ավելի մասշտաբային ջարդերը»,- նշված է հայտարարության մեջ։
1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին Ադրբեջանում տեղի ունեցած հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ բնակչություն: Այս ամենին զուգահեռ ադրբեջանական քաղաքներում հայերի հազարամյա հետքերը միտումնավոր ջնջվեցին։
«Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին և վերապրածներին՝ Հայաստանը խորապես հավատում է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը միայն կարող է կանխել ապագայում մարդկության դեմ այսպիսի ոճրագործությունների կրկնությունը»,- եզրափակվում է հայտարարությունը։
Հիշեցնենք` 1988թ. փետրվարի 26–29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:
1990թ. հունվարի 13–19–ը հայերի զանգվածային ջարդեր իրականացվեցին արդեն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Փաստերը թաքցնելու և դրանք չբարձրաձայնելու պատճառով հնարավոր չի եղել հաշվել Բաքվում սպանված և ջարդերի հետևանքով մահացած հայերի ստույգ թիվը, սակայն, ըստ տարբեր տվյալների, 1988-1990 թվականներին 500-600 հայ է սպանվել։