ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Երեկ հայտնել էինք, որ Արարատի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանը։
«Պատգամավորի մահվան գործով նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով»,- նշեց Ավդալյանը։
Նրա խոսքով՝ ողբերգական ավտովթարի հանգամանքների վերաբերյալ նախնական վարկած դեռևս չկա, նախաքննություն է ընթանում, որի արդյունքներն ի հայտ կբերեն բոլոր մանրամասները։
Հավելենք, որ ՀՀ ՔՕ 342-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելուն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
Մհեր Սահակյանը հունվարի 30-ին կդառնար 37 տարեկան։ Նա ուներ 4 երեխա։