Հայաստանն ու ԱՄՆ-ը ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրեցին

Փորձագետները խորհուրդ են տալիս մեծ ակնկալիքներ չունենալ փաստաթղթից և համարժեք գնահատել այն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Հայաստանն ու ԱՄՆ-ը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել։ Արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնում, փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
Փաստաթղթի ստորգրման արարողության ժամանակ Բլինկենը հայտարարեց, որ հայ գործընկերոջ հետ աշխատել են այս վերջին մի քանի տարիների ընթացքում, և այդ հարաբերությունները եղել են գործընկերային։
«Մեր հանդիպումը կարևոր իրադարձություն է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերություններում․ մենք քննարկում ենք ԱՄՆ-ի և Հայաստանի ռազմավարական համագործակցությունը: Այն ուրվագծում է մի կառույց՝ տնտեսության մեջ համագործակցության ընդլայնման, ժողովրդավարության, արդարադատության և մարդկային շփումների համար։ Այս տարիների ընթացքում մենք աշխատել ենք մի շարք այլ ծրագրերի վրա, բայց դրանք հիմնականում եղել են տնտեսական համագործակցության վերաբերյալ: Մենք այն ամրապնդել ենք էներգետիկայի ոլորտում և այժմ պատրաստ ենք սկսել խաղաղ ատոմի վերաբերյալ 123 համաձայնագրի վրա աշխատանքը»,- ընդգծեց Բլինկենը։
Այդ աշխատանքը, ըստ նրա՝ կլինի ոչ միջուկային զենքի ստանդարտների ընդհանուր կանոններին հավատարիմ մնալով, նաև միջուկային տեխնոլոգիաների վրա աշխատելու նոր հնարավորություններ կտա։
Բլինկենը նաև ավելացրեց, որ Հայաստանի հետ համագործակցում են նաև անվտանգության և պաշտպանության ոլորտներում, միտված են ամրապնդել ՀՀ ինքնավարության պաշտպանությունն իր համապատասխան տարածքում։
«Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է այցելելու Հայաստան՝ աշխատելու հայ գործընկերների հետ սահմանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ»,- ասաց Բլինկենը:
ԱՄՆ-ն Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը վարկաբեկելու արշավ է նախապատրաստում
Նրա խոսքով՝ անվտանգության ոլորտում համագործակցությունը ներառում է նաև խաղաղապահ կարողությունների ամրապնդում, համատեղ զորավարժությունների անցկացում։
Վերջում Բլինկենը նշեց՝ ուրախ է հայտարարել այն մասին, որ Հայաստանը մտադիր է միանալ ԻՊ-ի դեմ պայքարի գլոբալ կոալիցիային։
Արարատ Միրզոյանն իր հերթին նշեց, որ ՀՀ-ԱՄՆ ռազմավարության գործընկերության կանոնադրությունը, որը ստորագվեց, լուրջ հիմք է և ևս մեկ անգամ հաստատում է երկու երկրների միջև համագործակցությունը էներգետիկ կապերի, տնտեսական զարգացման, մարդու իրավունքների, արդարադատության, անվտանգության և մի շարք այլ ուղղություններով։
«Մեր հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ արժեքների ու շահերի վրա, վերջին տարիներին կայուն զարգացում են ապրել։ Երկու երկրների հարաբերությունների կարգավիճակի բարձրացումը ռազմավարական գործընկերության մակարդակի շատ կարևոր է նման բարդ և կոնֆլիկտային տարածաշրջանում քաղաքականություն վարելու համար: Խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասաց Միրզոյանը։
Նա նաև ասաց, որ Հայաստանը ցանկություն է հայտնում միանալ ԻԼԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիային՝ դրանով իսկ ցույց տալով իր հավատարմությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարին։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ կայուն Հարավային Կովկասը բխում է տարածաշրջանային բոլոր խաղացողների և միջազգային հանրության շահերից:
«Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և աշխատում է ԱՄՆ-ի հետ այդ օրակարգի նպատակներին հասնելու համար։ Մենք նաև պատրաստ ենք աշխատել ԱՄՆ նոր վարչակազմի հետ նոր փաստաթղթում ամրագրված հավակնոտ նպատակների իրականացման համար»- եզրափակեց ՀՀ ԱԳ նախարարը:
Ստորագրման արարողության ժամանակ
Նշենք, որ դեռ հունվարի 8-ին Արարատ Միրզոյանն անուղղակիորեն հաստատել էր, որ կողմերը նախապատրաստում են նման փաստաթուղթ, սակայն ստորագրման ժամկետներ չէր նշել։ Փոխարենը սոցցանցերում դրա մասին ակտիվորեն և ուռճացված անոնս էին արել որոշ արևմտամետ գործիչներ։
Հատկանշական է, որ փաստաթուղթը ստորագրել է Բայդենի՝ լիազորությունների ժամկետն օրերս ավարտող վարչակազմը։ Թե ինչպիսին կլինեն իրականացման հեռանկարները Թրամփի օրոք՝ պարզ չէ։
«Ցուրտ ձմեռների» սպառնալիք և ռազմական օգնության խոստում. ի՞նչ է ուզում ԱՄՆ–ն Հայաստանից
Ինչպես ավելի վաղ գրել էր ամերիկագետ Սուրեն Սարգսյանը, այս փաստաթղթով ԱՄՆ-ն Հայաստանին անվտանգության որևէ երաշխիք չի տրամադրում: Համաձայնագիրը նախատեսում է խորհրդատվական ծրագրերի, զինվորականների միջև շփումների, ռազմական կրթության և միջազգային կրթական ծրագրերին մասնակցության գծով աջակցություն, ինչպես նաև Կանզասի ազգային գվարդիայի հետ երկարամյա համագործակցության շարունակություն:
Համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ-ը ֆինանսական օգնություն կհատկացնի տնտեսության և բարեփոխումների, սոցիալական նախագծերի և մարդու իրավունքների ոլորտներում: Փաստաթուղթն անդրադառնում է նաև էներգետիկ համագործակցությանը. խոսքն, ամենայն հավանականությամբ, Հայաստանում ամերիկյան փոքր ԱԷԿ–երի կառուցման մասին է:
Նախորդիվ մեկնաբանելով ստորագրումը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ դա Երևանի ինքնիշխան որոշումն է. Ռուսաստանն իր կողմից գնահատում է Հայաստանի հետ հարաբերությունները և շարունակելու է զարգացնել դրանք: Կրեմլի ներկայացուցիչը միաժամանակ նշել էր, որ ԱՄՆ-ը երբեք կայունացնող դեր չի ունեցել Հարավային Կովկասում:
Իր հերթին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ տվյալ դեպքում գլխավորը ոչ թե փաստաթղթի անվանումն է, այլ այն, թե ինչ է բխում այդ պայմանագրից: Նա հիշեցրել էր, որ Ռուսաստանը նույնպես բազմաթիվ պայմանագրեր է ստորագրել Արևմուտքի երկրների հետ, և դրանք որակվել են որպես ռազմավարական գործընկերության համաձայնագրեր: Սակայն այդ պայմանագրերը երբեք կողմերից չեն պահանջել հանդես գալ երրորդ երկրների դեմ։ Լավրովը չի բացառել, որ Երևանից կպահանջեն աջակցել ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցներին։