ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փոխհատուցել է իր ամերիկյան գործուղման ավիատոմսերի գումարը։ Ֆեյսբուքյան իր էջում հայտնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Գումարը, որը կազմել է 7 միլիոն 650 հազար դրամ, քաղաքապետը վճարել է սեփական միջոցներից՝ ամբողջությամբ փոխհատուցելով այն համայնքային բյուջեին»,- գրել է Կոստանյանը։
Բացի այդ, Ավինյանը նաև հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել գնման գործընթացը՝ պարզելու համար, թե ովքեր են պատասխանատու այս ծախսերի համար: Կոստանյանի խոսքով՝ հանձնարարականի արդյունքների վերաբերյալ հավելյալ տեղեկություն կտրամադրվի։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 18-ին ՀՀ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավեճի ժամանակ պարզվեց, որ գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի` Լոս Անջելես մեկնելու տոմսն արժեցել է 7 միլիոն 650 հազար դրամ (շուրջ 20 000 ԱՄՆ դոլար)։ Բանավեճի ընթացքում ծախսերի թուղթը ներկայացրեց հենց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Այդ ժամանակ Ավինյանը Մարությանին մեղադրեց շոու անելու մեջ, և անընդհատ առաջարկում էր դադարեցնել այդ շոուն։
Ավինյանը դեկտեմբերի 23-ի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ տոմսի գինն իմանալուց հետո ապշել է թվերից ու որոշել է ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ մեկնելու տոմսի ծախսը։
Հավելենք, որ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ավինյանի՝ ԱՄՆ մեկնելու թանկարժեք տոմսի շուրջ սկանդալից հետո աշխատանքից ազատվել է քաղաքապետարանի գնումների վարչության աշխատակիցներից մեկը։