ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է օգտագործված հեռախոսների և դյուրակիր համակարգիչների վերավաճառքի համար trade-in համակարգ ներդնել։ Ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանում 2022 թվականից նման սխեմա է գործում մեքենաների համար։
Մեքենաների վաճառքով զբաղվող խանութները կարող են օգտագործված մեքենաներ ձեռք բերել ֆիզիկական անձանցից և ձեռնարկություններից, վերանորոգել դրանք և վաճառել երաշխիքով։ Նախկինում այս մոդելը շահավետ չէր վաճառքի գումարից ԱԱՀ վճարելու անհրաժեշտության պատճառով։ Այժմ հարկը հաշվարկվում է միայն ավտոսրահի ավելացրած գնից, ինչը սխեման շահութաբեր է դարձրել։ Բացի այդ, չեղարկվել է ֆիզանձանցից ապրանքներ գնելու համար վճարվող 10% եկամտահարկը։
Այժմ նմանատիպ մոտեցում է առաջարկվում էլեկտրոնիկայի խանութների համար։ Պապոյանի խոսքով` ոլորտի ներկայացուցիչների հետ արդեն խորհրդակցություններ են անցկացվել, և նրանց հետաքրքրել է վերանորոգման և երաշխիքով վերավաճառքի գաղափարը։
«Ուշադրություն դարձրեք` նման սխեմա, ըստ էության, արդեն կա։ Մարդիկ օգտագործված հեռախոսներ են վաճառում հայտարարությունների տեղադրման կայքերում, գումար են ավելացնում և նորը գնում: Մենք այդ գործընթացն ուզում ենք ավելի հարմարավետ և քաղաքակիրթ դարձնել»,- հավելեց Պապոյանը։
Նախարարությունը նախատեսում է համապատասխան օրինագիծը խորհրդարան ներկայացնել մինչև տարեվերջ։