ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Շևչենկո բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
««Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Շևչենկո բնակավայրը»,– ասվում է ամփոփագրում:
Այս բնակավայրը վերահսկողության տակ վերցնելուց հետո ռուսական զորքը կարող է ավելի հեռու շարժվել դեպի ԴԺՀ-ի արևմտյան սահման:
«Կենտրոնի» մարտիկները նաև 4 ուկրաինական բրիգադների ստորաբաժանումներ են ջախջախել Սրիբնոյեի, Ալեքսեևկայի, Գրիշինոյի և Բելիցկոյեի շրջաններում:
«Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը դեպի հակառակորդի պաշտպանության խորքեր։ Խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի մեքենայացված, տանկային բրիգադի և Ազգային գվարդիայի բրիգադի կազմավորումները Վելիկայա Նովոսելկա, Բուրլացկոյե և Վոլնոյե Պոլե բնակավայրերի շրջաններում։
«Հարավ» զորախմբավորման ստորաբաժանումները գրավել են ավելի շահավետ բնագծեր և դիրքեր։ Խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի երկու մեքենայացված, աերոմոբիլային և դեսանտագրոհային բրիգադների կազմավորումները Կոնստանտինովկա, Նիկոլաևկա, Սերեբրյանկա և Պրեդտեչինո բնակավայրերի շրջաններում։
«Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումներն էլ Խարկովի ուղղությամբ ջախջախել են Ուկրաինայի զինված ուժերի մեքենայացված և մոտոհրաձգային հետևակի բրիգադների կազմավորումներին Վոլչանսկ և Լիպցի բնակավայրերի շրջաններում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։