Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենք
ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ է պահում տեղական իշխանությունների, համայնքային կառույցների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է բնականոն աշխատանքը, մշտական կապ է պահում տեղական իշխանությունների, համայնքային կառույցների հետ։
Հիշեցնենք` ԱՄՆ–ում բռնկված հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 11-ի։ Հրդեհների հասցրած գույքային վնասներն ահռելի են, անկախ կազմակերպությունների գնահատականներով՝ կարող են հասնել մոտ 150 միլիարդ դոլարի։ Այրվել են ավելի քան 10 հազար շինություններ, այդ թվում՝ դպրոցներ, եկեղեցիներ։ Ավելի քան 180 հազար մարդ տարհանման հրահանգ է ստացել։
Հրդեհները հասել են նաև հայաշատ քաղաքներ, հայ համայնքի ներկայացուցիչները ևս գույքային վնասներ են կրել, ամբողջությամբ այրվել է Սահակ-Մեսրոպ վարժարանը։