ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ՀՀ իշխանությունները փորձում են Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ։ Այս հայտարարությունը տարածել է «ՀայաՔվե» նախաձեռնությունը։
«Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,– ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ իրականությունն այնքան միանշանակ չէ, որքան փորձում են ներկայացնել իշխանությունները։ Նախաձեռնությունն անդրադարձել է Ռուսաստանի դերին և ազդեցությանը՝ շեշտելով, որ Ռուսաստանի «մահվան» մասին լուրերը վաղաժամ են։ Ռուսաստանը որոշակիորեն նահանջում է Հարավային Կովկասից, բայց ՌԴ-ն պահպանում է ներկայությունը Սիրիայում, Ուկրաինայում ռազմական հաջողություններ է գրանցում, իսկ Վրաստանում իշխանությունները շրջադարձ են կատարել դեպի Մոսկվա։
«Երկրորդ՝ Թուրքիայի հավակնությունները հաճախ բախվում են արևմտյան շահերին։ ԱՄՆ-ն և Իսրայելը չեն վստահում Թուրքիային և հակազդում են, երբ վտանգվում են իրենց շահերը։ Սա մեզ համար լրացուցիչ լծակ է»,- նշված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 7-ին հայտարարեց, որ Հայաստանը սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանային անվտանգության համար, մոտ 30 տարի Հայաստանը կառավարել են «ֆաշիստական գաղափարախոսության» կրողները, որոնք երկիրը ձևավորել են «իրենց նմանությամբ»: Ալիևը փաստացի սպառնաց հնարավոր ռազմական միջամտությամբ՝ նշելով, որ եթե Հայաստանն ինքնուրույն չազատվի այդ «ֆաշիստական» դրսևորումներից, ապա Ադրբեջանը ստիպված կլինի գործել։ Ալիևը նաև հայտարարեց, որ Հայաստանը չպետք է աշխարհագրական խոչընդոտ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ կրկին սպառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Ալիևի մեղադրանքներին` նշելով, որ Բաքուն թերևս փորձում է տարածաշրջանում էսկալացիայի լեգիտիմություն ձևավորել, իսկ հունվարի 8-ին սոցցանցերում հրապարակեց իր 12 առաջարկները, որոնք, ըստ Փաշինյանի, կօգնեն երկարատև կայունություն և խաղաղություն հաստատել տարածաշրջանում։