ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Թուրքիան վերագնահատում է իր զինված ուժերի ներկայությունը Սիրիայում և այդ հարցով կապ է պահում Սիրիայի նոր իշխանությունների հետ, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։
«Սիրիայի նոր իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերի լույսի ներքո Թուրքիան վերանայում է հարաբերություններն այդ երկրի հետ։ Նաև վերանայում ենք մեր ներկայությունը Սիրիայում՝ այն կանցնի նոր ձևաչափի, եթե ամեն ինչ ստացվի», - ասել է նախարարը տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների և դրա հետ կապված խմբավորումների դեմ Սիրիայում իրականացնել անդրսահմանային գործողություն, եթե ՔԱԿ-ը վայր չդնի զենքը, հունվարի 9-ին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրը:
Նշենք, որ ավելի վաղ թուրքական «Hürriyet» թերթը գրել էր, որ Թուրքիան Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ ռազմական գործողությունների հետհաշվարկ է սկսել:
Դրա հետ մեկտեղ, Սիրիայում իրավիճակը շարունակում է անկայուն մնալ: 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, որից հետո նախագահ Բաշար Ասադը լքեց երկիրը և թողեց իր պաշտոնը։
Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը ղեկավարում էր Իդլիբ նահանգում ձևովորված «փրկության կառավարությունը», իրեն հայտարարեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար, նշելով, որ այն կգործի մինչև 2025 թվականի մարտի 1-ը: