ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Լոս Անջելեսի ջրամատակարարման համակարգի հզորությունը բավարար չի եղել հրդեհները մարելու համար։ Այս մասին գրում է «Washington Post»-ը՝ հղում անելով փորձագետներին, հրշեջներին և պաշտոնյաներին։
«Լոս Անջելեսի Փսիֆիք Փալիսայդս, Ալտադենա և այլ շրջաններին սպասարկում են այնպիսի համակարգեր, որոնք նախատեսված են շենքերում բռնկվող հրդեհների դեմ պայքարելու, ոչ թե զանգվածային անտառային հրդեհների համար», - ասվում է հրապարակման մեջ:
Փսիֆիք Փալիսայդսի իշխանությունները նշել են, որ շրջանում հրդեհները մարելու համար ջրի ծավալները սպառվել են 12 ժամվա ընթացքում:
Լոս Անջելեսի հրշեջների արհմիության նախագահ Ֆրեդի Էսկոբարը բողոքել է նման մեծության աղետներին դիմակայելու համար անհրաժեշտ ռեսուրսների և անձնակազմի բացակայությունից` նշելով, որ տեղի ջրամատակարարումը պատրաստ չէ տարածաշրջանում հաճախակի դարձած անտառային հրդեհներին դիմակայելու համար:
Միևնույն ժամանակ Լոս Անջելեսի ջրամատակարարման և էներգետիկայի դեպարտամենտի նախկին գլխավոր ղեկավար և գլխավոր ինժեներ Մարտի Ադամսն ասել է, որ ամբողջ երկրում ջրի պահեստավորման համակարգերը նախատեսված չեն խոշոր հրդեհների դեմ պայքարելու համար:
Լոս Անջելեսի շրջանը տասնյակհազարավոր բնակիչների համար պարտադիր տարհանման հրահանգ է սահմանել:
Շրջանի հրշեջ ծառայության ղեկավարը խոստովանել է, որ ռեսուրսները նախատեսված են եղել մեկ-երկու խոշոր հրդեհների դեմ պայքարելու համար:
Իրավիճակը սրում են ուժեղ քամիները, որոնց պատճառով ժամանակավորապես դադարեցվել է ավիացիայի աշխատանքը։
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` Լոս Անջելեսի խոշոր հրդեհների հետևանքով վնասվել կամ ոչնչացվել է մոտ 9 հազար տուն։
Լոս Անջելեսի շրջանում հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 10-ի:
«AccuWeather» խորհրդատվական ընկերությունում նշել են, որ Կալիֆոռնիայում հրդեհների հասցված վնասը հասել է 135-150 մլրդ դոլարի:
Լոս Անջելեսը նախատեսում է պարետային ժամ սահմանել կողոպտիչների դեմ պայքարելու համար: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` ոստիկանությունն արդեն ձերբակալել է 20 կասկածյալի։
Ճանապարհային երթևեկությունը վերահսկելու և ենթակառուցվածքները պաշտպանելու համար իշխանությունները օգնության համար դիմել են Կալիֆոռնիայի ազգային գվարդիային։