ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik․ ՀՀ տարածքում մոտ 40 000 դեպք է արձանագրվել, երբ էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերն առանց այդ դեղատոմսերի են բացթողնվել։ Այս մասին 2024 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Սլավիկ Սարգսյանը։
Այդ խախտումներն արձանագրվել են և՛ դիմում-բողոքների, և՛ ստուգումների ժամանակ։
«Երբ տնտեսվարողն ընդգրկվում է տարեկան ստուգման ծրագրում, ապա ստուգվում է ամբողջ չստուգված ժամանակաշրջանը։ Եթե առհասարակ չի ստուգվել, ապա ամբողջ ընթացքն ենք ստուգում՝ 2018 թվականից սկսած, երբ հաստատվել է կանոնադրությունը։ Դեղատոմսերի մասով ընդհանուր առմամբ մոտ 200 մլն դրամ տույժ է նշանակվել»,- ասաց Սարգսյանը։
Նա անդրադարձավ նաև այն լուրերին, թե նախկինում տեսչական մարմինը 5000 դրամ տուգանում էր կոնկրետ իրացման դեպքի համար, այժմ դա արվում է յուրաքանչյուր հատիկ դեղի համար։ Վստահեցրեց՝ յուրաքանչյուր հատիկ դեղի համար երբեք ԱԱՏՄ-ն չի տուգանել և բացատրեց՝ տնտեսվարողը շարունակում է տուգանվել յուրաքանչյուր վաճառքի, իրացման դեպքի համար։
«Եթե մի դեպքով իրացվել է 10 հատ դեղ, որը պետք է վաճառվեր դեղատոմսով, ապա դա համարվում է 1 խախտման դեպք, այսինքն՝ չենք տուգանում 10*5000 մեխանիզմով»,- ասաց Սարգսյանը։
Հունվարի 7-ին դեղատնային ընկերությունները (ավելի քան 600 դեղատուն) հերթական նամակն էին հղել ՀՀ վարչապետին, որտեղ դժգոհել էին, որ տեսչական մարմինը տուգանքը նշանակում է վաճառված հաբերի քանակով, այլ ոչ թե յուրաքանչյուր անվանում դեղի համար, ինչպես օրենքի պահանջն է։ Յուրաքանչյուր վաճառված դեղի համար նշանակվում է տուգանք՝ 5000 ՀՀ դրամի չափով։
Ընկերությունները նաև նշել էին, որ առանց էլեկտրոնային դեղատոմսերի դեղերի վաճառքի մեծ տուգանքների պատճառով հայաստանյան դեղատները սնանկացման եզրին են հայտնվել։
Հիշեցնենք` 2024 թվականի մարտի 1–ից էլեկտրոնային դեղատոմսերով է վաճառվում 470 անուն դեղ, որից 375–ը անվճար և արտոնյալ պայմաններով դեղերն են։ Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգում ներառվել է ՀՀ–ում գրանցված դեղերի 20 տոկոսը, իսկ ՀՀ–ում ընդհանուր առմամբ կա գրանցված 3 370 անուն դեղ։ Ցուցակում ներառված են հակաբիոտիկներ, հակասնկային և մի շարք այլ տեսակների դեղամիջոցներ:
2025 թ. հունվարի 1–ից էլեկտրոնային տարբերակով կվաճառվի արդեն 2 566 անուն դեղ։ Մնացածը դեղերը ազատ կվաճառվեն, քանի որ ներառված չեն պարտադիր դեղատոմսով դուրս գրվելու ցանկում։