ԵՄ–ին անդամակցելու օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյան

Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
ՀՀ կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանություն տվեց Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկին և ուղարկեց խորհրդարան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik․ ՀՀ կառավարության կողմից երեկ տրված դրական եզրակացությունը համահունչ է ԵՄ և անդամ պետությունների հետ ՀՀ փոխգործակցության խորացման դինամիկային և ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծին։ Հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
Զրուցակիցներն անդրադարձել են նախորդ տարվա ընթացքում արձանագրված հաջողություններին, գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ քննարկումների ընթացքին և առաջիկա ծրագրերին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանություն տվեց Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկին և ուղարկեց խորհրդարան: Դրան նախորդել էր արտախորհրդարանական կուսակցությունների կողմից կազմակերպված ստորագրահավաքը՝ հօգուտ գործընթացի մեկնարկի։ Նախաձեռնողներին հաջողվել է հավաքել 60 հազար ստորագրություն, ինչն էլ, ըստ երևույթին, հիմք է հանդիսանում, որ Միրզոյանը նման հայտարարություն անի։ Մոսկվայում հիշյալ որոշման կապակցությամբ հայտարարել են, որ Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից Երևանի դուրս գալու սկիզբ:
Մագդալենա Գրոնո
Մասնավորապես՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն անհամատեղելի են, քանի որ երկու միավորումներն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատություն: