ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik․ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը ևս հերքում է, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ է եղել։
Այսօր ArmLur.am–ը գրել էր, որ Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը միմյանց հարվածներ են հասցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։ Լրատվամիջոցը նշել էր, որ միջադեպի պատճառը Տավուշում տիրող բնապահպանական խայտառակ վիճակն է եղել, ապօրինի ծառահատումները, ինչի մասին խոսել է Հայկ Սարգսյանը:
«Քաշքշուկ, բռունցքներ, ի սեր Աստծո, ժողովուրդ, նման բան իրապես չի եղել։ Ուղղակի նիստից հետո խոսելու ընթացքում գուցե թվացել է, որ կռվել են: Նիստը նորմալ արել ենք, նիստից դուրս ենք եկել, իջել ենք, դեպք չի եղել: Ամեն անգամ կուսակցության նիստից հետո, երբ ամեն մարդ իր մեքենային է սպասում, մի քիչ երկար ենք կանգնել ու զրուցել, թե այս խնդիրը ոնց լուծենք: Ընդամենը դա է եղել: Ես էլ եմ այդտեղ եղել, բոլորն էլ ներկա են եղել: Վեճ չի եղել, եղել է քննարկում։ Խնդրում եմ՝ վեճ բառը չօգտագործել»,- ասաց նա լրագրողներին:
Այսօր` ավելի վաղ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտնել էր, որ անձամբ ինքը քաշքշուկի ականատես չի եղել։ Նա նշել էր, որ գուցե որևէ խոսակցություն է եղել, մարդիկ կողքից տեսել են, այլ տպավորություն են ստացել։
Հիշեցնենք` ArmLur.am–ը գրել էր, որ վեճին միջամտել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փորձել է հանգստացնել Հայկ Սարգսյանին ու Ղալումյանին, բայց իրավիճակը գնալով թեժացել է: