ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Աշխարհի նախկին առաջին թենիսիստ, ազգությամբ սերբ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ 2022 թվականին Մելբուռնի կարանտինային հյուրանոցում իրեն թունավորել են:
Ջոկովիչը չի կարողացել մասնակցել 2022 թվականի Ավստրալիայի բաց առաջնությանը (Australian Open): Ժամանելուն պես նրան տեղավորել են Մելբուռնի հյուրանոցում՝ փախստականների հետ, որոնցից մի քանիսն այնտեղ էին գտնվում արդեն 9 տարի։ Ներգաղթի ծառայությանը համոզիչ չէին թվացել այն պատճառները, թե ինչու COVID-19 տարած Ջոկովիչը չի պատվաստվել։ Ավելի ուշ երկրի իշխանությունները նրան արտաքսել էին՝ պատվաստման հավաստագիր չունենալու պատճառով։
«Ես առողջական խնդիրներ ունեի։ Եվ հասկացա, որ Մելբուռնի այդ հյուրանոցում ինձ թունավորված սնունդ էին տալիս։ Երբ վերադարձա Սերբիա, մի քանի հետազոտություն անցա։ Ես երբեք այդ մասին որևէ մեկին հրապարակավ չեմ ասել, բայց պարզել եմ, որ արյանս մեջ ծանր մետաղների մակարդակը շատ բարձր էր: Շատ բարձր էր կապարի և սնդիկի մակարդակը»,-ասել է Ջոկովիչը GQ ամսագրին տված հարցազրույցում։
37-ամյա Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» ռեկորդային` 24 մրցաշարերի հաղթող է, ընդհանուր առմամբ 99 տիտղոս է նվաճել: Այս պահին նա աշխարհի 7-րդ թենիսիստն է։