ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մերձդնեստրի գազամատակարարման արգելափակումը հալածանք և նեոնացիզմ է անվանել։
«Բացարձակ ամենաթողության հիման վրա կիրառվում է այն ամենը, ինչը պետք է մոռացության մատնվեր` սկսած լեզվային հատկանիշով հալածանքից մինչև այսօրվա արդեն կենսական աղբյուրների անջատում», - ասել է նա Sputnik ռադիոկայանի եթերում:
Նման գործողությունները, նրա խոսքով, ծաղր են Մերձդնեստրի բնակիչների նկատմամբ։
«Գազպրոմ» ընկերությունը հունվարի 1-ից դադարեցրել է Մերձդնեստրի գազամատակարարումը (450 հազար բնակչությամբ), քանի որ «Մոլդովագազը» չի կատարել պայմանագրային պարտավորությունները և 709 մլն դոլարի պարտք է կուտակել։ Քիշնևը չի ընդունում, որ պարտք ունի, և չի ցանկանում փոխգործակցել «Գազպրոմի» հետ։ Մերձդնեստրում Մոլդովայի պետական շրջանային էլեկտրակայանն անցել է ածխի օգտագործման։
Հունվարի 3-ից Մերձդնեստրում հովհարային անջատումներ են կիրառվում (օրական մինչև ութ ժամ), հարյուրավոր արդյունաբերական ձեռնարկություններ դադարեցրել են աշխատանքը։
Քիշնևը հայտարարում է, որ Մերձդնեստրին առաջարկել է գազ գնել եվրոպական շուկայից, սակայն տեղական իշխանությունները հրաժարվում են օգնությունից: Տիրասպոլի ղեկավար Վադիմ Կրասնոսելսկին հայտարարել է, որ չի լսել Քիշնևի օգնության առաջարկի մասին։