ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահի լիազորությունների ավարտից հետո դարձել է Արիզոնա նահանգի համալսարանին կից Մաքքեյնի ինստիտուտում Հենրի Քիսինջերի` 2025 թվականի հետազոտական ծրագրի մասնակից:
«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Քիսինջերի կրթաթոշակը»,-Զուրաբիշվիլիի խոսքերը մեջբերում է Վաշինգտոնում տեղակայված Մաքքեյնի ինստիտուտի կայքը։
Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ «Զուրաբիշվիլին կօգտագործի իր հարուստ դիվանագիտական, առաջնորդական և քաղաքական փորձը, որպեսզի հասնի նոր ընտրությունների անցկացմանն ու իր երկրում ժողովրդավարության առաջմղմանը»:
Վրաստանի խորհրդարանում դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել 6-րդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը: Նա ընտրվել է հինգ տարի ժամկետով դեկտեմբերի 14-ին` ընտրական կոլեգիայի կողմից։
Զուրաբիշվիլին հայտարարել էր,, որ վայր չի դնի լիազորությունները, քանի որ խորհրդարանը համարում է ոչ լեգիտիմ: Կավելաշվիլիի երդմնակալությունից հետո նա լքեց նախագահական նստավայրը, սակայն շարունակում էր իրեն համարել Վրաստանի նախագահ:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին: ԿԸՀ–ի վերջնական տվյալների համաձայն` իշխող «Վրացական երազանք- Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթել է ձայների 53,93%-ով և օրենսդիր մարմնում ստացել է 150 մանդատից 89-ը: 5 տոկոսի շեմը հաղթահարել են նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ, որոնք Զուրաբիշվիլիի հետ հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքները, քանի որ դրանց արդյունքները կեղծված էին համարում: Ընդդիմության առաջնորդները նոյեմբերի 4-ից բողոքի ակցիաներ էին անցկացնում։