Դատախազությունը պահանջում է ոստիկանության նախկին պաշտոնյայից բռնագանձել խոշոր չափի գումար

Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան պահանջ է ներկայացրել նաև Տավուշի մարզի Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik․ ՀՀ դատախազությունը պահանջում է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 մլրդ դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել գլխավոր դատախազության հերթական հայցադիմումը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ:
«Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 2 անշարժ գույք Երևան քաղաքում՝ ընդհանուր 766 միլիոն դրամ շուկայական արժեքով, 1 բնակարանի գնման իրավունք, 5 տրանսպորտային միջոց, 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք, 2 իրավաբանական անձանցում մասնակցություններ»,- ասված է հաղորդագրությունում։
Դատախազությունը ևս 2 միլիարդ 150 միլիոն դրամ էլ ցանկանում է բռնագանձել՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:
Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան պահանջ է ներկայացրել նաև Տավուշի մարզի Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի 2 անշարժ գույք և 70 մլն դրամ բռնագանձելու վերաբերյալ։
Անշարժ գույքը գտնվում է Տավուշի մարզում, կա նաև 1 չմարված ավանդի գումար, գույքի վարձակալության վճարներ՝ մինչև վճռի փաստացի կատարումը, 26 մլն 844 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ։
42 մլն 279 հազար դրամ էլ նախատեսվում է բռնագանձել, քանի որ այդ գումարն էլ 2009-2022 թվականների ընթացքում չի հիմնավորվել անձի օրինական եկամուտներով։
Հիշեցնենք, որ հակակոռուպցիոն կոմիտեն 2023 թվականի հոկտեմբերի 10-ին հայտնել էր, որ ՊՆ-ում և ոստիկանությունում մի շարք պաշտոններ (այդ թվում՝ Արաբկիրի և Կենտրոնականի զինվորական կոմիսարի, ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի) զբաղեցրած Վարդան Մինասյանին մեղադրանք է ներրկայացվել 1,5 մլրդ դրամի փողերի լվացման և շուրջ 14 մլն դրամի պետական միջոցների հափշտակության համար։