Լոս Անջելեսում տարհանումներ են սկսվել նաև հայաշատ քաղաքներում․ համայնքի ներկայացուցիչ

Լոս Անջելես. Արխիվային լուսանկար
Դպրոցներն արդեն հայտարարել են, որ վաղը ոչ աշխատանքային օր է լինելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են նաև հայաշատ քաղաքներ և շրջաններ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց լոսանջելեսաբնակ լրագրող Լիլիթ Ասլանյանը։
Նրա խոսքով՝ օդերևութաբանները նախորդ օրվանից նախազգուշացնում էին ուժեղ քամիների մասին, և Լոս Անջելեսի մի քանի շրջաններում անտառային հրդեհների պատճառով հազարավոր բնակիչներ արդեն տարհանվել են։
«Ամենախոշոր հրդեհներն ու տարհանումներն իրականացվել են Փալիսեյդս շրջանում՝ Մալիբուից դեպի հյուսիս։ Այնտեղ արագ տարածվող անտառային հրդեհն այրել է ավելի քան 1200 հա տարածք, մոտ 30 հազար մարդու 10 հազարից ավելի բնակելի տներից արդեն տարհանել են։ Հրդեհը ոչնչացրել է մի քանի կառույցներ»,- նշեց մեր զրուցակիցը։
Կրակն արագորեն տարածվում է ուժեղ քամիների պատճառով, որը հատկապես բնորոշ է օվկիանոսամերձ հատվածներին։ Նրա խոսքով՝ քամու արագությունն ու ուժգնությունն այդ հատվածում մինչև 100 մղոն/ժամի է հասնում։
Լիլիթ Ասլանյանը ընդգծեց, որ հրդեհներ են նաև մի շարք այլ հայաշատ թաղամասերում, ինչպես, օրինակ, Գլենդելից ոչ հեռու գտնվող Փասադենայում և Ալթադենայում, որտեղ շատ լիբանանահայեր են ապրում։ Կրակը տարածվել է արդեն մոտ 200 հա տարածքում, բնակիչներ են տարհանվել։ Ասլանյանի խոսքով՝ հիմա էլ են տարհանումը շարունակվում է։
«Սիլմարում ևս հրդեհ է, որտեղ ևս վերջին շրջանում շատ են հայերը բնակվում։ Այն Գլենդելից մոտ 20-25 րոպե հեռավորության վրա է, այստեղ ևս մոտ 50 տարածքի բուսականութունն այրվել է, բնակչությանը տարհանում են»,- նշեց Ասլանյանը։
Լոս Անջելեսի որոշ շրջաններ զրկված են էլեկտրականությունից և ինտերնետ կապից։
Օդերևութաբանները կանխատեսում են, որ քամին կշարունակվի մինչև վաղը։
Լիլիթ Ասլանյանը տեղեկացրեց` արդեն հայտարարվել է՝ դպրոցները վաղը փակ են լինելու։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոս Անջելեսի արևմտյան շրջաններում անտառային հրդեհներ են մոլեգնում։ Հրդեհը մոտ 1344 հա տարածք է ընդգրկում, առայժմ հրդեհաշիջման աշխատանքներն արդյունք չեն տալիս, հրշեջներին չի հաջողվում մեկուսացնել կրակը ուժեղ քամու պատճառով։