ԱՄՆ-ն չի կարողանում իրականացնել Գազայի վերաբերյալ իր իսկ բանաձևը. ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպան

ՄԱԿ անվտանգության խորհուրդ. Արխիվային լուսանկար
Դիվանագետը նշել է` երբ Վաշինգտոնը հանդես է գալիս բանաձև ընդունելու նախաձեռնությամբ, պետք է նաև ուղիներ գտնի դրա իրականացման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ն, չնայած իր ողջ հզորությանը, ի վիճակի չէ կատարելու Գազայում փուլային հրադադարի մասին իր իսկ առաջարկած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական ​​դիտորդ Ռիյադ Մանսուրը։
Գազայի պատերազմի թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված վերջին փաստաթուղթը ամերիկյան թիվ 2735 բանաձևն է, որում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը անկլավում հրադադարի փուլային ծրագիր է առաջարկում։ ՄԱԿ-ում Ռուսաստանի առաքելությունը բազմիցս նշել է, որ Անվտանգության խորհուրդը պատանդ է ընկել ԱՄՆ-ի ձեռքին, որն արգելափակում է հրադադարի օգտին ցանկացած գործողություն, իսկ նույն թեմայով ընդունված ամերիկյան բանաձևը փուչ է դուրս եկել:
«Եթե ԱՄՆ–ն, չնայած իր ողջ հզորությանը, չի կարողանում ուղիներ գտնել` իրականացնելու իր իսկ որոշումը Մերձավոր Արևելքում իր ամենամոտ դաշնակցի հետ, ապա դա իսկապես ծիծաղելի է։ Հետևաբար, երբ իրենք հանդես են գալիս բանաձև ընդունելու որոշումով, պետք է եղանակներ գտնեն այն իրականացնելու համար»,- ասել է Մանսուրը։
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Դրանից հետո ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման մարտիկները ներթափանցել են սահմանամերձ շրջաններ` կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց ուղղությամբ և պատանդ վերցնելով ավելի քան 200 հոգու։
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Իսրայելը հայտարարեց անկլավի ամբողջական շրջափակման մասին՝ դադարեցվեցին ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և դեղորայքի մատակարարումները։