ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպումը պետք է կայանա հունվարին։ Այդ մասին այսօր ադրբեջանական լրատվամիջոցների հետ հարցազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպումը պետք է կայանա հունվարին։ Համենայն դեպս, մենք այդպես ենք առաջարկել»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է ՀՀ հետ խաղաղության պայմանագրի կնքմանը, ապա Ալիևն ասել է` եթե Երևանին խաղաղության պայմանագիր պետք չէ, ապա Բաքվին էլ դա հարկավոր չէ։
«Մենք կարող ենք ապրել առանց խաղաղության պայմանագրի»,– հայտարարել է նա։
Ալիևը նաև սպառնացել է, որ Հայաստանը չպետք է «աշխարհագրական խոչընդոտ լինի» Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ կրկին սպառնալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ:
Հիշեցնենք` 2024 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի պետական հանձնաժողովները պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից (Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր հատվածներում):
Մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը 1976 թվականի քարտեզների հիման վրա սահմանազատում իրականացնելու մասին արձանագրություն-նկարագրություն ստորագրեցին:
Դրանից հետո փաստացի 4 գյուղ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Կիրանցում ադրբեջանական կողմին փոխանցվեց 30 անձի պատկանող 54 անշարժ գույք, որոնք բոլորը Կադաստրի կոմիտեի վկայականներ ունեին:
Հայաստանի սահմանապահ զորքերը մայիսի 24–ին պաշտոնապես ստանձնեցին Տավուշի մարզի սահմանային հատվածների՝ Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը: