ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Պարենի համաշխարհային միջին գները 2024 թվականին 2,1%-ով ցածր են եղել, քան 2023 թվականին։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) 2024 թվականի դեկտեմբերի գնային հաշվետվության մեջ։
Մասնավորապես, հացահատիկի գինը 2024 թվականի վերջին 9,3 տոկոսով ցածր է եղել 2023 թվականի վերջի համեմատ։ Պատճառներից մեկը համաշխարհային պահանջարկի նվազումն է, մյուսը՝ հարավային կիսագնդում (Ավստրալիա և Արգենտինա) լավ բերքատվությունը։ Բրնձի գինը բարձր էր մնում 2008 թվականից, սակայն 2024 թվականին այնուամենայնիվ փոքր-ինչ նվազեց՝ պահանջարկի աննշան անկման պատճառով:
Բուսայուղը 33,5%-ով թանկ է, քան մեկ տարի առաջ, թեև 2024 թվականի դեկտեմբերին գինը սկսեց նվազել արևածաղկի և սոյայի ձեթի հաշվին՝ արևածաղկի և սոյայի լավ բերքի շնորհիվ:
Միևնույն ժամանակ մսի գները 7,1%-ով բարձր էին 2023 թվականի վերջի համեմատ՝ հիմնականում տավարի մսի հաշվին։ Ընդ որում, խոզի և հավի մսի գները նվազել էին։ Ինչ վերաբերում է խոզի մսին, ապա պատճառը ԵՄ–ում տոն օրերին դրա սպառման կրճատումն է, ինչպես նաև Չինաստանում պահանջարկի նվազումը։ Իսկ հավի միսը Բրազիլիայից արտահանման մեծ ծավալների պատճառով էժանացել է։
Կաթնամթերքի գները 2024-ին մնում էին 20,2%-ով բարձր 2023-ի համեմատ, չնայած կարագի գինն էժանացել էր պաշարների ավելացման և պահանջարկի նվազման պատճառով: Մյուս կողմից, կտրուկ աճեց կաթի փոշու գինը, քանի որ Եվրամիությունը սեփական արտադրության նվազման պատճառով ստիպված էր ավելացնել գնումները Ավստրալիայից և Օվկիանիայից։
Շաքարավազի գինը 2024 թվականին 10,6%-ով ցածր էր, քան 2023 թվականին՝ շնորհիվ Բրազիլիայում (աշխարհում շաքարավազի ամենամեծ արտադրողը) սպասվածից ավելի լավ բերքի։