Լարսը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար

Եղանակային պայմանների վատթարացման պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղությամբ շարունակում է փակ մնալ բեռնատարների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Միջազգային նշանակության Մցխեթա –Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար, սակայն շարունակում է փակ մնալ բեռնատարների համար: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ եղանակային պայմանների վատթարացման պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղությամբ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: